ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԹԸ
Երեկ ՀՀ պետական հիմնարկների, ՏԻՄ եւ հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունը երթ է անցկացրել` կառավարությունից պահանջելով աշխատավարձերի բարձրացում եւ արժանապատիվ սոցիալական պայմանների ապահովում: Երթի շուրջ 300 մասնակիցներ Հանրապետության հրապարակից շարժվելով անցել են Նալբանդյան, Թումանյան փողոցներով, ապա Հյուսիսային պողոտայով վերադարձել կառավարության շենքի մոտ:

ԱԱԽ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Հայաստանի զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում երեկ Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը եւ պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ: Ըստ այդմ՝ ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել Սերժ Սարգսյանին սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

ԾԱՂԻԿՆԵՐ ՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
Շաբաթ օրը Երեւան ժամանեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակությունը: «Զվարթնոց» օդանավակայանում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին դիմավորեցին փուչիկներով, ծաղիկներով, դրոշներով եւ «Զա-ռա», «Զա-ռա» վանկարկումներով, իսկ ԵԽԽՎ իշխանական պատվիրակներին՝ սուլոցներով:
Հիշեցնենք, որ շաբաթ օրվա համարում «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀԿ երիտթեւը մտադիր է ձվերով ու լոլիկներով դիմավորել Զ. Փոստանջյանին, սակայն լուրի հրապարակումից հետո հասարակության լայն շերտերը դատապարտեցին այդ քայլը, ինչի պատճառով ՀՀ նախագահի նստավայրից կուսակցական երիտասարդներին պարզապես արգելվեց մտահղացումն իրագործել:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանից պարզել, թե ինչու նա հարց տալու իր իրավունքը զիջեց Զարուհի Փոստանջյանին, որը խաղամոլ անվանեց Սերժ Սարգսյանին: «Խնդիրն այն է, որ ոչ թե հարց տալու իրավունքն իմն էր, այլ որպես հիմնական կազմի անդամ՝ ես, իհարկե, կարող էի հարց հնչեցնել, սակայն ես հերթագրված չէի, այսինքն՝ իմ ձայնն ազատ էր եւ կարող էր օգտագործվել: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարն արդեն իսկ մեկնաբանել է ձայնը զիջելու հետ կապված իր որոշումը, եւ ես, այդ հարցի հետ կապված, ավելացնելու որեւէ բան չունեմ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Զ. Փոստանջյանի հնչեցրած հարցին, ապա նշեց. «Կարծում եմ՝ բոլորի համար էլ հասկանալի է, որ նախեւառաջ այդտեղ նստած յուրաքանչյուր պատվիրակի համար անսպասելի էր հարցը, դրա ձեւակերպումը: Բոլորն ապշած էին, թե ինչպես կարելի էր այդ մակարդակի հարց հնչեցնել նման ամբիոնից»:




Լրահոս