ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԱԽՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում կուսակցությունների ներսում ընթացող պայքարը, թվում է, պիտի ավարտվեր նահանգային քվեարկություններից հետո: Սակայն Հանրապետական կուսակցությունում գործարար Թրամփի առաջնորդությունը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս քաղաքական կուլիսներում ազդեցություն ունեցող տարբեր շրջանակներին: Սակայն պետական ավանդույթների խախտումը հղի է ծանրագույն հետեւանքներով, ինչը ամերիկյան էլիտան պարտավոր է գիտակցել այնպես, ինչպես որ համառորեն չի գիտակցում հայաստանյան վերնախավը:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների յուրահատկություններից մեկն այն է, որ երկու հիմնական կուսակցությունների թեկնածուները միմյանցից սկզբունքորեն չեն տարբերվում: Ով էլ ընտրվի նախագահ, հանդես է գալու քաղաքական էլիտայի շահերից ու գործելու է այդ հարաբերակցության շրջանակում: Այդպիսին չէ, սակայն, Դոնալդ Թրամփը: Վերջինս քննադատում է ամբողջ քաղաքական համակարգը, ծաղրում իր ընդդիմախոսներին, մերկացնում ԱՄՆ-ի ֆինանսատնտեսական շրջանակների քաղաքական նպատակներն ու դրանց ներդաշնակող գործիչներին, որոնց շարքում բացեիբաց հիշատակում էր նախկինում Ջեբ Բուշին, Մարկո Ռուբիոյին, այսօր էլ արդեն Հիլարի Քլինթոնին: Ըստ էության, Թրամփը կախվածություն չունի Wall Street-ից, ինչն էլ արժանանում է ԱՄՆ-ի քաղաքական ու ֆինանսական վերնախավի լուրջ դժգոհությանը: Դեմոկրատական կուսակցությունում չեզոքացնելով Բեռնի Սանդերսին` ԱՄՆ-ի ֆինանսա-քաղաքական ընտրախավն այսօր կանգնել է Թրամփին խաղից դուրս թողնելու գրեթե անլուծելի խնդրի առաջ:
Կուսակցությունների միասնական թեկնածուները ընտրվում են հուլիսին կայանալիք մեծ համաժողովների ընթացքում: Ընտրությանը մասնակցում են նահանգային քվեարկությունների արդյունքում կուտակված լիազորները: Ըստ ներկուսակցական կանոնադրությունների` նախագահի թեկնածու առաջադրող լիազորները պարտավոր են առաջին փուլում քվեարկել նրա օգտին, ում ընտրել է նահանգի բնակչության մեծամասնությունը: Ըստ այդմ, 35 նահանգներում հաղթած Թրամփը վաստակել է 1441 լիազորներ, ինչը առավել քան բավարար է համաժողովի առաջին փուլում միասնական թեկնածու դառնալու համար: Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ կուսակցական նեղ շրջանակներն ու ֆինանսական մագնատները պարզապես անկարող են խանգարել Թրամփի թեկնածությանը: Օրինական ճանապարհով Թրամփին կանգնեցնել չի լինում, իսկ, ահա, անօրինական քայլերի ԱՄՆ-ում չեն գնա` վատ նախադեպի անկալիք չստեղծելու միտումով: Արդ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում ստվերային հետաքրքրություն ունեցող շրջանակները փորձում են փոխել օրենքները` համապատասխանեցնելով իրենց շահերին:
Այդպիսի հնարավորություն ծագում է նախ եւ առաջ այն պատճառով, որ բազմաթիվ լիազորներ, որոնք պարտավորված են առաջին փուլում քվեարկել Թրամփի օգտին, չեն ցանկանում այդկերպ վարվել, ինչպես օրեր առաջ հայտնում էր Washington Post-ը: Սկզբում խոսքը գնում էր 30 լիազորի մասին, սակայն վերջին օրերին այդպիսի լիազորներին արդեն կարելի է հարյուրներով հաշվել, որոնք պահանջում են ազատություն եւ համաժողովում քվեարկություն կատարելու ազատ ու անկաշկանդ հնարավորություն: Թեեւ ընդունված է համարել, որ լիազորները պարտավոր են քվեարկել նահանգային ընտրություններին համապատասխան, սակայն այդպիսի օրենք գոյություն չունի ո՛չ դաշնային, ո՛չ էլ նահանգային մակարդակներում, որ պատժի հակառակ քվեարկություն իրականացրած լիազորին: Կարելի է ասել՝ ամեն համաժողով ունի իր օրենքը, եւ միայն կարծր ավանդույթի ուժով է հաստատված, որ միասնական թեկնածու է դառնում նա, ում ընտրում է ժողովուրդը: Հարյուրամյակներով ձեւավորված ավանդույթը չխախտելու նպատակով էլ այսօր առաջարկվում է համաժողովի կանոնադրության մեջ մտցնել «խղճի ազատության» մասին նրբերանգը` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր լիազորի իր խղճի ազատությամբ քվեարկելու նաեւ առաջին փուլում, ինչպես որ թույլատրվում է համաժողովի երկրորդ փուլից սկսած:
Այս արշավը գեներացվեց նաեւ Կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանի կողմից, որը թեեւ հրապարակային խոստացավ սատարել միասնական թեկնածուին, եթե նույնիսկ դա լինի Թրամփը, սակայն անմիջապես հավելեց, որ ինքը չի կարող պահանջել լիազորներից դեմ գնալ սեփական գիտակցությանն ու քվեարկել ի հեճուկս սեփական խղճի: Հղում անելով համաժողովին` նա պնդում է, որ լիազորներն են կանոնադրություն ընդունում ու գործում դրա շրջանակներում: Անուղղակիորեն Ռայանը հուշում էր, որ միանշանակորեն համաձայն է Թրամփին կանգնեցնելու այդ ճարահատյալ քայլին: Թրամփը, լավ հասկանալով իր դեմ լարվող թակարդը, հրապարակայնորեն մեղադրեց իր նախկին մրցակից Ջեբ Բուշին` պնդելով, որ հենց վերջինս է կուլիսային գործընթացների մարտավարը: Թրամփը հավելել է, որ համաժողովում միասնական թեկնածուի կարգավիճակն իրենից գողանալը անօրինական է, եւ հույս հայտնել, որ Հանրապետական ազգային կոմիտեի նախագահ Ռեյնս Փրայբուսը թույլ չի տա նման ծիծաղելի քայլեր: Հարկ է, սակայն, ընդգծել, որ գործընթացը ինքնին օրինական է համարվում, եթե կոմիտեի 57 անդամները համաձայնեն դրան:
Հայաստանում քաղաքական ու տնտեսական լծակները համակարգից դուրս մնացածների համար վերջնականապես անհասանելի դարձնելը հաճախ է իրականացվում օրենքի բացահայտ խախտմամբ: Սակայն 2015թ. վերջին Սերժ Սարգսյանն իր իշխանավարությունը շարունակելու միտումով ոչ թե պարզապես խախտեց Սահմանադրությունը, այլ փոխեց այն` իր համար ապահովելով վարչապետական կառավարման հնարավորությունը: Այդ քայլին գնալու նրա գերնպատակը մրցակիցներին իշխանությունը չզիջելու շարժառիթն էր, որը հաջողությամբ իրականացվեց: Ցավալիորեն Սերժ Սարգսյանը չգիտակցեց, որ Սահմանադրության փոփոխությամբ ապահովում է լոկ իր անձնական շահերի իրականացումը` խախտելով պետական ավանդույթների ձեւավորման ընթացքը: Կառավարման համակարգի հապճեպ վերափոխումը վնասելու է մեր պետական ինստիտուտների կայացման գործին` ետ շպրտելով Հայաստանը առնվազն 10-15 տարով: Հուսանք` ԱՄՆ-ի քաղաքա-ֆինանսական ընտրախավը կգիտակցի պետական ավանդույթը չխախտելու կարեւորությունը եւ չի առեւանգի Թրամփի նախագահությունը` կարճաժամկետ հաջողությունը նախընտրելով պետական համակարգի ամրությունից:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԳՆԱԿԱՆԸ
Անկախ նրանից, թե որքան հաճախ եւ ինչ մակարդակներով են տրվում հավաստիացումները, թե բանակում կարգապահական խնդիրները գտնվում են ուշադրության կենտրոնում, պարբերաբար արձանագրվող դեպքերը հակառակի մասին են խոսում: Ներկայացվող դեպքում խաղաղ պայմաններում ծառայության համար ոչ պիտանի զինվորին նշանակել են նռնակաձիգի օգնական:
Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, նռնակաձիգի օգնական, 2016թ. հունվարի 13-ին հրաժարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի չկատարմամբ: Գ. Պետրոսյանն այդ օրը որպես օրապահ ընդգրկված լինելով գումարտակի ներքին վերակարգում՝ հրաժարվել է վերակարգն ընդունելուց եւ օրապահի կողապահարանի մոտ ծառայություն իրականացնելուց: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի 1-ին մասով (Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ): Սույն քրեական հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Մարտի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատաքննության ընթացքում Գ. Պետրոսյանը դատարան է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության կողմից տրված էպիկրիզը, համաձայն որի վերջինս պիտանի չէ զինվորական ծառայության խաղաղ ժամանակ, պիտանի է զինվորական ծառայության՝ սահմանափակումով, պատերազմի ժամանակ: Գ. Պետրոսյանը դատարանում ցուցմունք է տվել, որ ինքը հունվարի 13-ին գտնվել է բարոյահոգեպես ծանր վիճակում, չի գիտակցել իր գործողությունների բնույթը եւ տվյալ վիճակում չէր կարող գիտակցել իր գործողությունների (անգործության) հանրության համար վտանգավոր բնույթը: Գ. Պետրոսյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը միջնորդել է նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն, դատարանը բավարարել է միջնորդությունը: Հունիսի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Գ. Պետրոսյանի նկատմամբ նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությունների հանձնաժողովին, փորձագետներին առաջադրել հետեւյալ հարցերը՝ Գեւորգ Պետրոսյանը հոգեկան հիվանդությամբ տառապո՞ւմ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպիսի հիվանդությամբ, նրա մոտ առկա հոգեկան վիճակից ելնելով՝ 2016թ. հունվարի 13-ին եւ դրանից հետո նա ի վիճակի՞ է ճիշտ ընկալել եւ վերարտադրել իր եւ շրջապատի անձանց գործողությունները եւ այլն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԻ
Ինչպես հայտնի է՝ միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ամրացման նպատակով հունիսին ՌԴ-ն Ղազախստանին անվարձահատույց Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր է տրամադրել: Միավորված ՀՕՊ շրջանակներում անվճար Ս-300 համակարգեր է ստացել նաեւ Բելառուսը. 2016 թվականի մարտին նրան է տրամադրվել 4 դիվիզիոն վերոհիշյալ ԶՀՀ: Այս կապակցությամբ PanARMENIAN.Net-ը հարցում է ուղղել ՀՀ ՊՆ-ին՝ արդյոք ՀՀ եւ ՌԴ միջեւ համաձայնագիրը նախատեսում է ՀՕՊ որեւէ համակարգի անվճար տրամադրումը ՀՀ-ին: ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ համաձայնագրով չի նախատեսվում Հայաստանին Ս-300 զենիթային հրթիռային համալիրների անվճար տրամադրում:

 

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔ
«Ես ունեմ մի քաղաքական, նաեւ անձնական համոզմունք. Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ»: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Շանթ Հարությունյանի որդին՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանը: «Մեկնելով Գյումրի՝ ես շատ լավ հասկանում էի, որ հնարավոր է նաեւ, որ մտածեն, թե Պապի արարողակարգի ժամանակ ես որեւէ ոտնձգություն կարող եմ անել Պապի անվտանգությանը, վնաս տալ Պապին, կարող էին մեկուսացնել եւ չեզոքացնել՝ նույնիսկ կրակ արձակելով ինձ վրա»,- ասել է նա՝ անդրադառնալով Գյումրիում հունիսի 25-ին իրեն բերման ենթարկելու դեպքին:

 

 

ՆՈՐԻՑ ԿԶՈՎԱՆԱ
«Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանի ներկայացմամբ՝ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանքներից արձակվել է մոտ 78.000 կրակոց, կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: Ըստ նրա՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը զգալի կբարձրանա, սպասվում են քիչ տեղումներ՝ հիմնականում երեկոյան ժամերին, սակայն հուլիսի 1-ից հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որն իր հետ կբերի տեղումներ, իսկ ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:




Լրահոս