ՍԵԼԱՎԱՏԱՐԸ ՔԱՐԻՑ, ՏԻՂՄԻՑ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՂ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ձնհալքի հետեւանքով սելավաջրերի մեծ հոսք է եղել դեպի քաղաք, ինչի հետեւանքով կեղտաջուրը լցվել է մարդկանց տները, գոմերը: Նախնական տվյալներով՝ վնասվել է 11 տուն, տարհանվել են 9 տան բնակիչ, Արթիկի թիվ 2 մանկապարտեզի սաներն ու աշխատակիցները, վնասվել են նաեւ 4 հիմնական ճանապարհները, ջրատար ու գազատար խողովակները, էլեկտրասյուներ:

Տեղեկացնենք, որ բացի Շիրակի մարզի Արթիկ քաղաքից՝ հեղեղումներ են եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում: Կատարվածի վերաբերյալ երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցակացված խորհրդակցության ժամանակ զեկույցներով հանդես եկան Շիրակի եւ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետերը:
Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը զեկուցեց, որ հեղեղը ողողել է գյուղամիջյան ճանապարհները, ցանքերը, տնամերձ հողամասերը, տնտեսությունների անասնագոմերը, նկուղները, վնասել խմելու եւ ոռոգման ջրատարերը՝ հավելելով, որ վնասները շտկելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: Իսկ Շիրակի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Կարապետյանը նշեց, որ նախնական տվյալներով՝ վնասվել է 11 տուն, տարհանվել են 9 տան բնակիչ, Արթիկի թիվ 2 մանկապարտեզի սաներն ու աշխատակիցները, վնասվել են նաեւ 4 հիմնական ճանապարհները, ջրատար ու գազատար խողովակները, էլեկտրասյուներ: Աշխատանքներ են տարվել վնասներն արագ շտկելու ուղղությամբ, ինչպես նաեւ՝ սելավատարների համար նոր ուղիներ են փորվել:
Արթիկցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ սելավատարի մեջ լցվել են Արթիկ քաղաքի վերեւի մասում գտնվող Արթիկի տուֆի կոմբինատի հանքաքարերը: Իսկ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Արթիկի տուֆի կոմբինատը արդեն 25 տարի է, ինչ չի գործում, այդ քարհանքը շահագործվել է 1930թ.-ից մինչեւ 1991-92թթ., եւ կոմբինատի շահագործման ժամանակ հանքի թափոնները լցվել են ձորը: «Այդ սելավը աննախադեպ տեղումների հետեւանքով է առաջացել, արդյունքում 60 տարվա կուտակված շինարարական հանքավայրի թափոնները սելավատարի միջով լցվել են քաղաք: Պատկերացնո՞ւմ եք՝ մինչեւ 30-40 սմ շերտով ձյան պես սարերում կարկուտ է նստած եղել: Իսկ մինչ այդ՝ սելավատարներն անցանելի էին: Գոնե ժայռերի այդ քարի կտորները չպոկեր, բերեր կամ տուֆի քարհանքի մնացորդները»,- ցավով նկատեց Արթիկի քաղաքապետը:
Միեւնույն ժամանակ նա վստահեցրեց, որ Արթիկում կյանքը պարալիզացված չէ, բոլոր հաստատությունները գործում են, բացառությամբ մանկապարտեզի: «Իրենք, ըստ էության, ուզում էին այսօր աշխատել, բայց ես թույլ չտվեցի, որովհետեւ այնտեղ դեռեւս խոնավացած է, բայց անձնակազմը տեղում աշխատում է»,- ներկայացրեց Արսեն Աբրահամյանը:
Այնուամենայնիվ, աննախադեպ տեղումների դեպքում արդյո՞ք Արթիկը պատրաստ է դիմակայել՝ առանց լուրջ վնասներ կրելու: Հարցին ի պատասխան՝ Արսեն Աբրահամյանն ասաց. «Մենք պատրաստ ենք, եթե հանկարծ այդպես լինի, այդ ուղղությունը ուղղորդենք դեպի հեղեղատարի ներքեւի մաս: Բայց հուլիսի 1-ի համար կանխատեսումներ կան արված, Աստված չանի, եթե այսպիսի տեղումներ լինեն, իհարկե, վտանգը կա ու կա: Բայց ժողովրդական խոսք կա՝ կարկուտը ծեծած տեղը չի ծեծում: Այսինքն՝ դժվար թե այստեղ այդքան տեղումներ լինեն»: Քաղաքապետից տեղեկացանք, որ վնասները հաշվարկող հանձնաժողովը այս պահին աշխատում է եւ արձանագրում է վնասի չափերը, որպեսզի կառավարությանը ներկայացվի:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Շիրակի մարզում սելավի արդյունքում ոչ միայն Արթիկն է վնասներ կրել, այլեւ հարեւան Նոր Կյանք գյուղը: Գյուղապետ Արա Սուքիասյանի խոսքերով՝ իրենց գյուղում մոտ 13 հա հողատարածք է մնացել ջրի տակ, ինչի արդյունքում Նոր Կյանքի բնակիչների հացահատիկի, գարու եւ հնդկաձավարի հողատարածքները վնասվել են. «Բնական արհավիրքի դեմ ոչ մեկ ոչինչ չի կարող անել»,-ափսոսանքով նշեց գյուղապետը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գնդապետ Արթուր Մուրադյանի հետ, ով ասաց, որ սելավատարի աղտոտվածության ստիճանը հնարավոր կլինի որոշել դրա միջի տիղմն ու քարը մաքրելուց հետո: «Իսկ սելավատարի եւ տնամերձ հողակտորների քարից, տիղմից մաքրման աշխատանքներն անելու համար վնասի գնահատումից հետո որոշակի նախագծանախահաշվային աշխատանքներ կիրականացնենք: Գումար պետք է հատկացվի, որովհետեւ դա մեծածավալ աշխատանք է»: ԱԻն պաշտոնյան նկատեց, որ նման խոշոր կուտակումով սելավային հոսքեր քիչ են պատահում, ապա հավաստիացրեց, որ սելավատարը մաքուր է եղել, ուղղակի սելավային ջրերի ծավալն է հսկայական եղել: Նաեւ փոխանցեց, որ կոնկրետ այդ տեղամասում կարկուտի շերտի մասին տեղեկատվություն չի եղել, դրա համար ծավալի մասին կանխատեսումներ հնարավոր չի եղել կազմել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«ՔՈՍՈՏ ԵՐԿՐԻ» ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿ ՉՓՈԽՎԵՑ

Հունիսի 27-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկել են ԳԱԱ կառավարման մարմինների՝ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի ընտրությունները:

Ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ընտրությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող 159 հոգուց ներկա է եղել 135-ը: Առաջադրված միակ թեկնածուն` Ռադիկ Մարտիրոսյանը, վերընտրվել է ԳԱԱ նախագահի պաշտոնում. նրա թեկնածությունն առաջադրել է ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, քվեարկությանը մասնակցել է 129-ը հոգի, որից 108-ը կողմ է քվեարկել, 19-ը՝ դեմ, 2-ի քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր: Հիշեցնենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը վերջերս հանդես էր եկել ուշագրավ հայտարարությամբ եւ աղմկահարույց որակումներով: Նա, ի պատասխան «ՀԺ»-ի դիտարկմանը, թե Հայաստանում բավարար ներուժ կա ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար, արձագանքել էր. «Հիմա ենթադրենք` մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»: Այս հայտարարությունից հետո Ռ. Մարտիրոսյանը ակադեմիայի շրջանակներում եւ դրանից դուրս տարբեր ոլորտի նշանավոր մարդկանց եւ հանրության կողմից «քոսոտ երկիր» բնորոշման համար արժանացավ թեժ քննադատությունների` վտանգի տակ դնելով իր հեղինակությունը:
Փաստորեն հանրության շրջանում վարկաբեկված լինելու հանգամանքը, բազում գիտնականների պնդումները, թե անհրաժեշտ է արդեն տասը տարի պաշտոնավարած Ռ. Մարտիրոսյանին հեռացնել ԳԱԱ նախագահի պաշտոնից, քանի որ նրա պաշտոնավարման ընթացքում գիտության զարգացումը մուտք է գործել փակուղի, եւ 80-ն անց մարդն անելիք չպետք է ունենա ակադեմիայի կառավարման ոլորտում, որեւէ արդյունք չունեցան: «Քոսոտ երկրի» ազգային ակադեմիայում իրավիճակը մնաց նույնը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«8 ՏԱՐՎԱ ՄԵՋ 4-5 ՏՈՒՆ ԵՄ ՓՈԽԵԼ»
68-ամյա Անահիտ Ղազարյանը տարիներ առաջ Կառավարության կողմից գերակա շահ ճանաչված Կոնդ թաղամասի բնակիչներից է: 8 տարի է՝ նա էլ մյուս կոնդեցիների պես վարձով է բնակվում: Թե քանի անգամ է այս ընթացքում տուն փոխել, ինքն էլ չի հիշում` չորս-հինգ…:
«Կոնդում 150քմ սեփական տուն ունեինք, 8 անձով ապրում էինք: Եկան, մեր տները քանդեցին, մեզ դռնեդուռ գցեցին: Երեխաներս իրենց ընտանիքներով գնացին Ռուսաստան, տղաս վերջերս այնտեղ մահացավ. հիմա ո՛չ օգնող ունեմ, ո՛չ մի բան: Մտածում եմ` գոնե մինչեւ մեռնելս հասցնեմ իմ տունը ստանամ,. որ ինձ իմ տունը չեն տալիս, թոռներիս չեն տա ու չեն տա»,-մտահոգվում է Անահիտ Ղազարյանը:
Խորենացի, Տիգրան Մեծ, Հալաբյան… վարձակալած բոլոր տների հասցեները տիկին Անահիտն արդեն չի հիշում: Վերջինից 2015թ-ի նոյեմբերին է հեռացել, հայտնվել փողոցում՝ բառիս ամենաուղիղ իմաստով:
«Տան տերը տունը վաճառեց, վեշերս վերցրի, դուրս եկա. հիմա կեսը եղբորս տանն է, կեսը` հարեւանիս: Ամեն անգամ տեղափոխվելիս կահույքս վնասվում է, ամեն անգամ կեսը թափում եմ… Կառավարությունն ամսական 60.000 դրամ է տալիս, այդ գումարով ես որտե՞ղ վարձով տուն գտնեմ: Հիմա էլ չեմ աշխատում, թե վրան ավելացնեմ, վարձ տամ: 45.000 դրամ թոշակ եմ ստանում, դրանից միայն 20.000-ը դեղի եմ տալիս, շաքար ունեմ»,- գերակա շահի զոհ դառնալուց հետո իր կյանքի տխուր ընթացքն է ներկայացնում Անահիտ Ղազարյանը:
Կորցրած տների դիմաց կոնդեցիները դեռ 2012-ին պետք է բնակարան ստացած լինեին: Անցել է 4 տարի, ո՛չ շենքը կա, ո՛չ խոստացված բնակարանները: Ամեն հինգշաբթի Կառավարության շենքի առջեւ իրենց բողոքի ձայնը բարձրացնող կոնդեցիները հաջողացրել են Սերժ Սարգսյանին էլ հանդիպել, ավելի ճիշտ` նրա առանձնատան մոտ մի երկու բառ փոխանակելու բախտին արժանացել:
«Վերջին անգամ, որ Սերժ Սարգսյանին տեսանք, ասաց՝ հունիս 10-ին շինարարությունը կվերսկսի, պայմանագրեր կկնքվեն մեզ հետ: Անցել է 14 օր, սայլը տեղից չի շարժվել»,- ասում է տիկին Անահիտը:
Կոնդեցիները, սակայն, շենքի կառուցման եւ բնակարան ստանալու խաբկանքին այլեւս չեն հավատում. պահանջում են փոխհատուցում` գումարի տեսքով: «Մենք իրենց նորակառույց շենքում տներ չենք ուզում, թող մեր տների փողերը տան, մենք կգնանք, մեզ համար կառնենք, կապրենք, կիմանանք գոնե մեր տունն է,- ասում նա ու ավելացնում,- Նարեկ Սարգսյանն ասաց, որ եթե շենքը կառուցեն էլ, բնակարանները բոլորին չեն հերիքի: Հիմա մենք հրաժարվում ենք այդ տներից, թող ովքեր ուզում են, նրանց տան»:
Հայրենի Կառավարությունից հույսները կտրած կոնդեցիները, սակայն, ամեն հինգշաբթի նորից գալիս են կառավարական շենքի մոտ, թեեւ արդեն իրենք էլ չեն հավատում, որ իրենց խնդիրը կլուծվի. «Էլ ո՞նց պայքարենք, ի՞նչ անենք, չգիտենք: Ամեն հինգշաբթի գալիս եմ այստեղ, ոնց որ աշխատանքի գալիս լինեմ: Անելանելի վիճակում ենք…»,-հոգոց հանելով նշում է Անահիտ Ղազարյանը:

ՏԱԹԵՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս