ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏԱՊԱԼԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով՝ խիստ որոշակի արդյունքներով: Անցած տարի կառավարության առջեւ խնդիր դրվեց ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ: Այս խնդիրը լուծվեց: Ընթացիկ տարում էլ նույն խնդիրն է դրված: Բայց այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության եւ սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ: Հարցնելու ենք ոչ թե՝ ի՞նչ է արվել, այլ արվածն ի՞նչ արդյունքներ է տվել: Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի… չափելին մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումն է»,-այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է: Այս հայտարարությունը նա հնչեցրել է 2013թ. մայիսի 8-ին՝ նախագահական ընտրություններից հետո ձեւավորված կառավարության անդրանիկ նիստում:

Թե որքանով է Տիգրան Սարգսյանի կառավարությունը լուծել իր առաջ դրված խնդիրը, ցույց են տալիս Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները: Օրինակ, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում տեղի է ունեցել 5,6 տոկոս գնաճ (իսկ 2010թ. համեմատությամբ՝ գնաճը կազմել է 16,2 տոկոս): Ընդ որում, միայն 6 տոկոսով թանկացել են պարենային ապրանքները: Ուշագրավն այն է, որ մեկ ամիս առաջ գնաճը կազմել է 5,3 տոկոս: Այսինքն՝ սեպտեմբերին գները թանկացել են, թեեւ աշնան այդ ամիսը համարվում է «էժան սեզոն»՝ շնորհիվ գյուղմթերքների առատության հետեւանքով գնի նվազման: Ի՞նչ եք կարծում, արդյոք այս ցուցանիշը վկայում է մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծվելու մասին: Իհարկե ոչ: Ընդհակառակը, գնաճի հետեւանքով ավելացել ու սրվել են մարդկանց սոցիալական խնդիրները: Ընդ որում, գնաճի ազդեցությունը մարդիկ զգում են անմիջականորեն: Ուրեմն այս առումով կառավարությունը չի լուծել իր առաջ դրված խնդիրը:
Հիմա փորձենք համեմատել մյուս ցուցանիշները. արդյոք գնաճին զուգահեռ բարձրացել է աշխատավարձը. ըստ ԱՎԾ-ի՝ միջին ամսական աշխատավարձն աճել է 3,7 տոկոսով: Եթե այս ցուցանիշը համեմատում ենք գնաճի ցուցանիշի հետ, դրան գումարում ենք նաեւ ինֆլյացիան՝ փողի արժեզրկումը, ապա կրկին կարող ենք պնդել՝ սոցիալական խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլեւ շարունակում են սրվել ու սրվել:
Եվս մեկ կարեւոր հանգամանք. այս տարվա առաջին ութ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3,8 տոկոս: Ու սա այն դեպքում, երբ իշխանությունները խոստանում էին 7 տոկոս տնտեսական աճ: Դեռ ավելին, միջազգային կառույցները եւս պնդում են, որ Հայաստանում տնտեսական մեծ աճ պետք չէ կանխատեսել՝ լավագույն դեպքում մինչեւ 4-4,3 տոկոս:
Այսքանից հետո, թերեւս, տեղին է հիշել 2013թ. մարտի 18-ին՝ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանի հետեւյալ հայտարարությունը. «Ես խնդիր եմ դրել այդ կառավարության առջեւ, ասել եմ, որ այս կառավարությունը ՀՀ-ում պետք է ապահովի տնտեսական աճ` նվազագույնը 7 տոկոս: Եվ ասել եմ, որ աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը… ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն՝ ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում, պետք է հրաժարական տա»:
Աշխատավարձերի աճը, փաստորեն, չի գերազանցում գնաճը: Տնտեսական աճն էլ որեւէ կերպ չի մոտենում 7 տոկոսին: Ուրեմն ժամանակն է՝ Սերժ Սարգսյանը կատարի խոստումը եւ ստիպի վարչապետին կառավարությամբ հանդերձ հրաժարական տալ: Իշխանությունները կարող են առարկել, թե դեռեւս ամփոփված չեն տարեկան ցուցանիշները: Ենթադրենք այդպես է: Ուրեմն այս իրավիճակը շարունակվելու դեպքում կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի հունվար-փետրվար ամիսներին, մանավանդ որ ակնհայտ է՝ աշխատավարձերի բարձրացումը, որ 2014թ. հունվարի 1-ից խոստանում էր Ս. Սարգսյանը, չի իրականանա. համենայնդեպս, վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատավարձերի բարձրացում խոստացել է 2014թ. հուլիսի 1-ից նոր միայն:

Եվ վաղն ամեն ինչ
կսկսվի նորից
Ամեն անգամ, երբ սոցիալ-քաղաքական իրավիճակը սրվում է, իշխանությունները շրջանառության մեջ են դնում թեզը, թե Սերժ Սարգսյանն ուր որ է՝ փոխելու է կառավարությանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միասին: Բայց, ինչպես տեսնում եք, «սայլը տեղից չի շարժվում»: Սերժ Սարգսյանն այս ընթացքում այդպես էլ որեւէ կտրուկ փոփոխության չի գնում ո՛չ կառավարության կազմում, ո՛չ էլ այլ առանցքային պաշտոններում: Եվ չի էլ կարող. նման գործողությունների դիմելու համար հարկավոր է քաղաքական կամք ու որեւէ հենարան: Այնինչ Սերժ Սարգսյանը չունի դրանցից որեւէ մեկը: Իսկ ցանկացած կտրուկ փոփոխություն պարզապես թուլացնելու է իր իշխանության հիմքերն ու հանգեցնելու ռեժիմի արագ կազմաքանդման:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս