ԽԱՅՏԱՌԱԿՈՂԸ Ս. ՍԱՐԳՍՅԱՆՆ Է
«Մեզ համար դուրս եւ ներս գոյություն չունի, Եվրախորհուրդն այն հարթակն է, որտեղ հայ ժողովուրդն իրավունք ունի ներկայանալու, եւ որպես ժողովրդի ներկայացուցիչ՝ ես հնչեցրել եմ այդ հարցը, որը հուզում է մեր հանրությանը: Ես լիազորված եմ «Ժառանգության» կողմից եւ գործել եմ իմ լիազորությունների շրջանակում: Միգուցե կային այլ հարցեր: Բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր քննադատում են, իրենք էլ ունեին հնարավորություն, կարող էին գրանցվել եւ հարց ուղղել»,-անդրադառնալով ԵԽԽՎ-ում իր հնչեցրած հայտնի հարցին` երեկ ասել է Զարուհի Փոստանջյանը: Ինչ վերաբերում է նման հարցով երկիրը վարկաբեկելուն, ապա պատգամավորի կարծիքով` «խայտառակությունն այն է, որ մեր բնակչության 35 տոկոսն աղքատ է եւ քաղցած, մեզ խայտառակողը հենց Սերժ Սարգսյանն է»:
ԸՆՏՐՎԵՑ ՄԻԱՁԱՅՆ
2013թ. հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում խորհրդի 7 անդամների միաձայն որոշմամբ խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:
ԹԱՄԱՄԸ ՉԻ ԱԶԱՏՎԻ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը համաներմամբ ազատ չի արձակվի: Նրա պատիժն ընդամենը կկրճատվի չորս ամսով: Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի՝ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշման 8-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն՝ Թամամյանի պատժի չկրած մասը կրճատվում է մեկ երրորդով: Հիշեցնենք, որ Թամամյանը կալանավորվել էր 2011-ի մարտի 24-ին:
ԽԱՂ՝ ՀԱՆՈՒՆ ԱԶԳԻ
Հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը երեկ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ում նկատի ուներ, երբ Չեխիայի դեմ խաղից հետո ասել էր, որ ստիպեցին լռել, ասել է. «Շատ մարդկանց, ովքեր կարծում էին, որ հավաքականն անկում է ապրել, եւ հաղթանակները պատահական են եղել: Կարծում եմ, որ նման բան ասելու իրավունք չունեն, քանի որ մենք ազգ ենք ներկայացնում եւ փորձում ենք ամեն ինչ անել: Մենք խաղում ենք ոչ թե մեր անվան համար, այլ խաղում ենք այն մարդկանց համար, ովքեր ապրում են Հայաստանում, ծնվել են Հայաստանում եւ ներկայացնում են Հայաստանը, այն մարդկանց համար, ովքեր ցավում են հավաքականի համար»:
ԻՆՉՊԻՍԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ
Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովն արդեն իսկ մշակել է այն անհրաժեշտ օրինագծերը, որոնց ընդունմամբ հնարավոր կլինի հանրապետությունում ձեւավորել քննչական կոմիտե: «Առավոտ»-ի տեղեկացմամբ` մշակվել է 15 օրինագիծ, որոնցից 3-ը՝ նոր օրենքներ: Հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանն արդեն բանակցել է նաեւ Եվրամիության խորհրդատվական խմբի փորձագետների հետ, որոնք առաջիկայում կժամանեն Հայաստան` իրենց նկատառումները ներկայացնելու համար:
ՊԱՇՏՈՆ ԱՄԱԼՅԱՆԻՆ
«Առավոտ»-ի տեղեկացմամբ` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը մի քանի ամիս տեւած պարապուրդից հետո՝ սեպտեմբերի վերջին, նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ ղեկավար: