«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի Մեհրաբի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ երեկվա դրությամբ իրավապահ համակարգը բացառել է այն հանգամանքը, որ զինվորը հրազենային մահացու վիրավորումը ստացել է հակառակորդի կողմից: Ասել է, թե նախաքննություն իրականացնող մարմինը քննում է ինքնասպանության կամ սպանության հասցնելու վարկածը…
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ զինվորին մահացած վիճակում առաջինը հայտնաբերել է մարտական դիրքում հերթապահություն իրականացնող մեկ այլ զինծառայող: Սպանվածն իր գլխարկը հանած, մի կողքի դրած է եղել: Երբ իրավապահները հարցաքննել են նրա ծառայակից ընկերներին, նրանք միայն դրական կարծիք են հայտնել Արսեն Մխիթարյանի մասին՝ նշելով որ նա կոնֆլիկտային երիտասարդ չէր եւ խնդիրներ իրենց հետ երբեք չի ունեցել: Լուրեր կան, որ Արսեն Մխիթարյանի մոտ հեռախոս է եղել, ինչը, ամենայն հավանականությամբ, իրավապահները կստուգեն՝ հասկանալու համար, թե արդյո՞ք տղան ինքնասպանության է գնացել հեռախոսով խոսելուց հետո, թե այլ խնդիր կա:
Հավելենք, որ Մեհրաբի զորամասում բարոյահոգեբանական մթնոլորտը բավականին կասկածելի վիճակում է. համենայնդեպս, այդպիսի լուրեր են շրջում ինչպես բանակում, այնպես էլ դրսում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: