ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԵԼՈՒՅԹԻ ԲԱԽՏ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի` ՀՀ կառավարությանն ուղղված նամակի պատասխանը ստացվել է 2 օր առաջ: Այն ոչ միայն չի գոհացրել գյումրեցիներին, այլեւ բարկացրել է. Թումասյանը պատրաստվում է ընդհուպ միջազգային  լրատվամիջոցների օգնությամբ բարձրացնել Գյումրու անօթեւանների հարցը` դժգոհելով թե՛ բնակարանաշինություն իրականացնող կազմակերպությունից, թե՛ հանձնարարողից` ՀՀ կառավարությունից:
1988-ի երկրաշարժից 25 տարի է անցել, սակայն Գյումրիում հազարավոր ընտանիքներ դեռեւս մի կերպ գոյատեւում են քայքայված ու տարրական հարմարություններից զուրկ  տնակներում: Ըստ Վահան Թումասյանի` նրանցից շուրջ 420 ընտանիք նոր բնակարանով ապահովված պետք է լիներ այս տարվա դեկտեմբերին. «Սակայն շինհրապարակում աշխատանքներ չեն ընթանում, եւ անհայտ է մնում, թե երբ են սկսվելու այդ աշխատանքները: Իսկ հանձնված բնակարաններն անորակ են` թերություններով լի»:
Վերջերս «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն Գյումրու անօթեւանների եւ հանձնված անորակ բնակարանների մասին բարձրաձայնելու, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու նպատակով նամակ էր ուղղել ՀՀ նախագահին, վարչապետին, քաղաքաշինության նախարարին: Կենտրոնն ակնկալում էր պատասխաններ ստանալ Գյումրիում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար լրացուցիչ կառուցվելիք բնակարանների շինաշխատանքների ձգձգման, 2012-ին բաշխված բնակարանների սեփականաշնորհման, դրանցում հայտնաբերված թերությունների վերացման մասին:
Վ. Թումասյանի նամակին 2 օր առաջ պատասխանել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանը: «Կիսելով նշված հարցերի շուրջ առկա մտահոգությունը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի` 2013-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ դրանք քննարկվել են ծրագրի շրջանակներում կառուցապատումն իրականացնող «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի պատասխանատուների հետ համատեղ, որի արդյունքներով տրվել են համապատասխան հանձնարարականներ` լրացուցիչ կառուցվելիք շենքերի շինարարական աշխատանքներն արագացնելու, ինչպես նաեւ 2012-ին բաշխված բնակարաններում հայտնաբերված թերությունները կարճ ժամկետում վերացնելու վերաբերյալ: Միաժամանակ, ելնելով քաղաքացիների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման անհրաժեշտությունից եւ բնակչության սոցիալական վիճակից, նախարարության կողմից «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի առջեւ խնդիր է դրվել բնակարաններում տեղադրված ծխատար համակարգերը փոխարինել ավելի երկարատեւ օգտագործման ծխատար համակարգերով: Հարկ է նշել, որ վերը նշված հանձնարարականների կատարման ընթացքին տեղում հետեւելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարը 2013-ի սեպտեմբերի  20-ին եւս այցելել է Գյումրի: Ինչ վերաբերում է 2012-ին բնակարաններ ստացած ընտանիքներին հատկացված բնակարանների նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացին, ապա այն կսկսվի վերը թվարկված աշխատանքների ավարտից հետո»,-ասվում է պատասխանում:
Ըստ Վ. Թումասյանի` իշխանությունների նման պատասխանը զարմանալի չէ. «Եթե հաշվի առնենք, որ բեմադրված սցենարով են գործել՝ քաղաքաշինության նախարարի 2 այցելություններ, 2 տեխնիկա պատահական գտնել-բերել, կանգնեցնել եւ աշխատանքային ժամերին մի քիչ աշխատեցնել, հետո հեռանալ, այդ ամբողջն արված էր այս պատասխանի համար: Ի՞նչ անենք, որ մենք ԵԽԽՎ-ում ելույթ ունենալու բախտ չունենք ու նախագահին չենք կարող առերես մի քանի հետաքրքիր հարցեր ուղղել, մենք էլ ստիպված ենք ուրիշ միջոցների դիմել»: Վ. Թումասյանի խոսքով՝ Ախուրյանում շինարարական աշխատանքներն ավելի լավ վիճակում են, եւ որոշ բրիգադներ աշխատում են. «Ինչեւէ, տրամաբանորեն իրենց ելույթներից, խոսքերից երեւում է, որ իրենք սպասում են ձմռան գալուն, որ առիթ ունենան շինարարությունը դադարեցնել: Իսկ Գյումրիում շինարարության իմիտացիա է»:
«Ժողովուրդ»-ն ուշացող շինաշխատանքների կապակցությամբ դիմեց «Գլենդել հիլզ»-ի PR պատասխանատու Արմինե Ուդումյանին: Նա, սակայն, ասաց ընդամենը հետեւյալը. «Չենք պատրաստվում արձագանքել իրականությունը խեղաթյուրող ամեն մի կարծիքի կամ հայտարարության»:
Իսկ  «Շիրակ կենտրոն»-ի ղեկավարն ընդգծում է` քանի որ այս տարի 1988-ի երկրաշարժի 25-րդ տարելիցն է, միջազգային լրատվամիջոցների մոտ հետաքրքրություն է առաջացել ուսումնասիրել Գյումրու խնդիրները, լուսաբանել` ինչ է արվել ու ինչ է արվում երկրաշարժի հետեւանքները վերացնելու ուղղությամբ. «Ի՞նչ ենք ասելու իրենց, ասելու ենք, որ այստեղ շինարարության իմիտացիա՞ են անում գործի փոխարեն. մեկ բուլդոզեր է աշխատում, մեկ մեքենա, նոր սկսել են շենքերի հիմքերը փորել»:
Ի դեպ, իրավիճակը նույնն է նաեւ Լոռու մարզում: «Ժողովուրդ»-ի՝ Լոռու մարզի թղթակցի անդրադարձը` վաղվա համարում:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս