ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանաստեղծ Հուսիկ Արան` Ֆելիքս Եղիազարյանը, հայտնվել է դժվար իրավիճակում: Շաբաթ օրը հրավիրած ասուլիսում նա հայտարարել է, թե օրերս իրեն զանգահարել են «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ից ու տեղեկացրել, որ ինքը զրկվում է «Մատչելի բնակարաններ` երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի շրջանակներում կառուցվող բնակարանից:
Հուսիկ Արան դիմել էր այդ ծրագրի շրջանակներում 1-սենյականոց բնակարան է ձեռք բերելու համար ու վճարել կառուցվող բնակարանի արժեքի 20 տոկոսը` 1 մլն 615 հազար դրամ: Այնուհետեւ, ըստ բանաստեղծի, ինքը դիմել է «ՎՏԲ-Հայաստան բանկ», որտեղից ասել են, թե բանկը պատրաստ է տրամադրել 4 մլն 600 հազար դրամ վարկը: Հուսիկ Արան ստացված տեղեկանքը ներկայացրել է այդ ծրագիրն իրականացնող «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ: «Այդ թուղթն այն ժամանակ տարա ԵՊՀ շրջանավարտների միության իրավաբան Արմեն Թադեւոսյանին: Նա ասաց, թե` շատ բարի, սա պահե՛ք, Ձեզ տեղյակ կպահեն. երբ ժամանակը կգա, բանկն իր գումարը կտա, Դուք էլ մնացած գումարը կվճարեք»,-տեղեկացրել է բանաստեղծը: Սակայն հիմա, ըստ նրա, ՀԿ-ից տեղեկացրել են, որ ինքը զրկվել է այդ բնակարանից: «Ոչ ոք չզանգահարեց, ոչ ոք չասաց` թյուրիմացություն է, արի՛ շտկենք: Փոխարենը պարոն Քարամյանն էդպես արհամարհական պատասխանում է, որ ես սուտ եմ խոսում»,-ասել է նա:
Մեկնաբանություններ ստանալու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց նշված ՀԿ-ի ղեկավար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ: Վերջինս նշեց, որ Հ. Արայի բնակարանի արժեքը 8 մլն 325 հազար դրամ է, որից բանաստեղծը 1 մլն 615 հազար դրամ կանխավճար է տվել. «Իսկ բանկը պատրաստ է վարկավորել նրան 4 մլն 603 հազար դրամի չափով: Այսինքն՝ ստացվում է, որ անգամ վարկ ստանալուց հետո շահառուն ունենում է 2 մլն 132 հազար ՀՀ դրամի չափով դեֆիցիտ, քանի որ բնակարանի արժեքը 8 մլն 325 հազար դրամ է: Եվ այդ տարբերությունը նա պետք է վճարեր այս մեկ տարվա ընթացքում»:
Ինչ վերաբերում է Հ. Արայի` «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից ստացած ու ասուլիսում լրատվամիջոցներին ներկայացրած տեղեկանքին, Քարամյանը նշեց, թե բանկը ներկայացրել է շահառուի նախնական վարկունակության գնահատման թերթիկը եւ ոչ թե բանկի որոշումը վարկային գիծ տրամադրելու մասին. «Հիշյալ տեղեկանքի վրա կա հղում, որ նախնական գնահատումը դեռեւս երաշխիք չէ վարկի հաստատման համար: Այսինքն՝ շահառուն պարտավոր էր համալրել իր կանխավճարը, որից հետո պետք է գնար բանկ` իր վարկի համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելու, որպեսզի բանկը հաստատեր վարկը»: Քարամյանը, ներկայացնելով 2013թ. հունիսի 17-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից ստացված պատասխանը, ըստ որի՝ Ֆելիքս Եղիազարյան անունով հաճախորդ բանկ չի էլ դիմել, նշեց. «Նա այս ամբողջ ընթացքում որեւէ քայլ չի ձեռնարկել վճարում իրականացնելու համար, մեզ չի տեղեկացրել խնդրի մասին ու հիմա աղմուկ է բարձրացնում»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս