Կիրակի օրը՝ հոկտեմբերի 6-ին, Երեւանում կազմակերպվեց «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների մեծարման արարողության առաջին փուլը, որն ավարտվելու է հոկտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում նախատեսված միջոցառմամբ:
Թիմի ֆուտբոլիստները նախ հանդիպեցին Հանրապետության հրապարակում, այցելեցին «Հրազդան» մարզադաշտ, ապա ուղեւորվեցին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղ։ Բանն այն է, որ հոկտեմբերի 6-ին նշվում էր նաեւ գյուղի հոբելյանը, եւ այդ գյուղի բնակիչ, բարերար Հրաչյա Պողոսյանը որոշել էր միացնել այդ երկու տոնը: Միջոցառման ավարտից հետո բացվեց «Արարատ-73»-ին նվիրված հուշարձան: Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն հոկտեմբերի 10-ին կմեծարի հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի ֆուտբոլիստներին, մարզիչներին, վետերաններին:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ը զրուցեց բազմավաստակ մարզական լրագրող Միսակ Նազարյանի հետ՝ խնդրելով պատմել որեւէ հետաքրքիր դրվագ՝ կապված «Արարատ»-ի այդ տարիների ելույթների հետ։ ««Արարատ»-ի կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն կրակոցային հարվածների անզուգական վարպետ էր։ Սրանում բազմիցս համոզվել են ոչ միայն Երեւանի, այլեւ Մոսկվայի, Կիեւի, Թբիլիսիի ֆուտբոլասերները։ Անհնար է մոռանալ արարատցիների այն տպավորիչ խաղը եւ ոչ պակաս գեղեցիկ հաղթանակը 4։0 հաշվով, որ տարան Թբիլիսիի դինամոյականների նկատմամբ նրանց իսկ լեփ-լեցուն մարզադաշտում։ Բոնդարենկոյի խփած գոլն արտակարգ էր, բացառիկ, իսկը թնդանոթային հարվածի հետեւանք, հարված, որը կատարվեց 35 մետրից… Խաղից հետո հոծ բազմության կենդանի միջանցքով մեր ֆուտբոլիստները թիմի պետ Էդուարդ Գրիգորյանի խնդրանք-պահանջով վրացի ֆուտբոլասերներին չգրգռելու համար շարժվեցին հանգիստ եւ անաղմուկ։ Եվ այդ լռության մեջ չէր կարելի չլսել մարզասերներից մեկի բացականչությունը. «Հրե՛ն, նա է, Բոնդարենկոն է… Տո՛, Հավլաբարից գոլ խփեց»։ Եվ սա դարձավ թեւավոր խոսք»,-պատմեց Մ. Նազարյանը:
ԲՈՆԴԱՐԵՆԿՈՆ «ՀԱՎԼԱԲԱՐԻՑ ԳՈԼ ԽՓԵՑ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռ. ԹԱԹՈՅԱՆ