«Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ:
Մենք՝ որպես ժողովուրդ, ունենք հին ու հարուստ պատմություն, սակայն մեր` որպես պետության պատմությունը դեռեւս այդքան ստվարածավալ չէ: 20-րդ դարավերջից հայոց պետականության պատմությունը համալրվեց հագեցած ու հաղթական ժամանակահատվածով, իսկ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը դարձավ կարեւորագույն ուղեցույց այդ պատմության մեջ եւ պետականաշինության գործընթացում` այսօր էլ շարունակելով այդպիսին մնալ իր բոլոր փոփոխություններով հանդերձ:
Սահմանադրության ընդունումը՝ որպես նշանակալից իրադարձություն, տարեգրության առումով երկրի պատմության մի մասն է, սակայն այն իր առաքելությամբ եւ նշանակությամբ նաեւ պատմական փաստաթուղթ է: Մենք բոլորս ապրում ենք նրա տարածության մեջ, շարժվում ենք նրա նշած ճանապարհով, այդ թվում նաեւ նրանք, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ համաձայն չեն Սահմանադրության դրույթների հետ: Բայց Սահմանադրությունն ինքն է այդպիսի հնարավորություն ընձեռում` ամրագրելով ժողովրդավարական այն բոլոր սկզբունքներն ու ազատությունները, որոնք մարդուն, քաղաքացուն ազատորեն իրավունք են տալիս առաջնորդվել իր համոզմունքներին համապատասխան, իր խղճի, ըմբռնումների թելադրանքով:
Մի քանի ամիս առաջ Սահմանադրության մեջ կատարված շրջադարձային բարեփոխումների շնորհիվ մեր պետական ու հասարակական-քաղաքական կյանքում արմատական տեղաշարժեր են նախանշվել, մեր քաղաքացիներն ավելի մեծ հնարավորություն են ստացել ավելի ակտիվ ու լայն մասնակցություն ունենալ պետության կառավարմանը: Սա նշանակում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ավելի լայն իրացում` դրանց բոլոր դրսեւորումներով, ավելի ակտիվ ու նախաձեռնող հասարակություն, ավելի կուռ պետականություն: Համոզված եմ, որ այս պայմաններում միասին ավելի վստահ քայլեր ենք անելու մեր երկիրն ավելի ուժեղ եւ ավելի ժողովրդավար պետություն դարձնելու ճանապարհին:
Եւս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ երջանկություն եւ բարեկեցություն, մեր երկրին` խաղաղություն եւ բարգավաճում»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում: