Շուտով «Կենտրոն» հեռուստաընկերությամբ կհեռարձակվի նոր բազմասերիանոց ֆիլմաշար: Այն կոչվում է «Վենդետտա» (գլխավոր պրոդյուսեր` Է. Ավագյան, բեմադրող ռեժիսոր` Վ. Սայան, սցենարիստ` Գ. Մեջլումյան): Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց սերիալի գլխավոր դերակատարը` Սարգիս Գրիգորյանը: Ֆիլմաշարում հանդես կգան նաեւ հեռուստադիտողների կողմից ճանաչված դեմքեր Սամվել Սարգսյանը, Սոֆի Դեւոյանը, Անժելա Սարգսյանը, Վահագն Գալստյանը, Արմեն Մարությանը, Արշավիր Փանոսյանը, Կարեն Մկրտչյանը եւ այլք:
Ներ սերիալում Սարգիսը կմարմնավորի բժշկի կերպար, որը ակամայից ներգրավվել է մութ պատմությունների մեջ. «Նա բավական ազդեցիկ ընտանիքից է, որի կյանքը 90 աստիճանով փոխվում է այն բանից հետո, երբ վերջինիս դեմ դավեր են նյութում. հերոսը սխալ վիրահատության հետեւանքով սպանություն կատարելու մեղադրանքով հայտնվում է բանտում: Դրանից հետո ֆիլմաշարը ներկայացնում է կյանքը` ճաղերից այն կողմ, հերոսի սիրային պատմությունները, ապա նրա վերադարձն ու վրեժը»,-պատմեց Սարգիսը` հավելելով, որ ինքը եւս մասնակցություն է ունեցել սերիալի սցենարական աշխատանքներին:
Դերասանը տեղեկացրեց նաեւ, որ նկարահանվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին պատմող եւ իրական իրադարձությունների հիման վրա նկարահանված «Երկրաշարժ» ֆիլմում (ռեժիսոր` Ս. Անդրեասյան): Նախնական տվյալներով` այն Հայաստանում էկրան կբարձրանա նոյեմբերի 17-ին, իսկ մոսկովյան պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 1-ին։
Բացի այդ, Սարգիս Գրիգորյանի երկրպագուները նրան հնարավորություն կունենան տեսնելու Արցախյան ազատամարտի մասին պատմող «Ուշացած վերադարձ» ֆիլմում (ռեժիսոր` Շ. Վարդանյան), որտեղ, ի դեպ, դերասանը կրկին մարմնավորել է բժշկի կերպար: Ֆիլմը, հավանաբար, մեծ էկրան կբարձրանա հաջորդ տարվա մայիսի 28-ին:
Աննա Բաբաջանյան