ArmLur.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
– Պարո′ն Պողոսյան, հետևե՞լ եք ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին, ինչ նոր բան կար այդ աշխատանքային հանդիպման մեջ:
– Հասկանալի է, որ Լավրովը փորձում է Ռուսաստանի շահերով առաջնորդվելով ինչ-որ խնդիրներ առաջ տանել: Հետո էլ այստեղից հետո մեկնել է Ադրբեջանը, բայց այստեղ կարևորն այն է, թե մեր շահերը ոնց են պաշտպանված լինելու: Հուսով եմ, որ Նալբանդյանը կհամարի, որ հանրությունը պետք է իրազեկված լինի և կներկայացնի ինչպես արդյունքները, այնպես էլ այն հնարավորությունները, որոնք այս հանդիպումից հետո ընձեռվում են: Ինձ ամենաշատը հետաքրքրում է հետևյալը, որ արցախյան խնդրի հետ կապված հարցը եղել է այն, որ Կասպշիկի թիմի լիազորությունները մեծացվեն և հետաքննող մեխանիզմներ տեղադրվեն: Խնդիր ունենք, որ մեր հարցերը ոնց որ թե չեն արծածվում կամ չեն դառնում լսելի կամ ընկալելի:
– Լավրով-Նալբանդյան հանդիպման մասին այնքան էլ շատ տեղեկություններ չկան: Ըստ ձեզ`ինչի շուրջ կարող էին խոսել արտգործնախարարները:
– Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը միայն Արցախի հարցը չէ: Հուսով եմ նաև, որ մնացած հարցերն են քննարկել, օրինակ զենքի պայմանագրի կատարման խնդիրը, ԵՏՄ-ում ստանձնած պարտավորությունների կատարումը, նաև հայ համայնքի հարցերը և այլն: Եթե օրակարգով քնարկումները եղել են, շատ ավելի լավ: Բայց ամենակարևորն այն է, որ հանրությանը ներկայացնեն և հանրությունը տեղյակ լինի:
– Իսկ ըստ Ձեզ` հնարավո՞ր է, որ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերված լինեն:
– Կարող է և ձեռք են բերվել, կարող է և ոչ: Եթե օրինակ մենք լսենք Լավրովի կողմից արդեն հասցեական հայտարարություններ Ադրբեջանի դեմ, ուրեմն ձեռք են բերվել, եթե ոչ, ուրեմն ոչ: Մենք այսքան ժամանակ է` խոսում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները ցանկանում ենք զարգացնենք, սակայն այդպես էլ ոչինչ առաջ չի գնում: Քանի որ ՀԱՊԿ-ի վեհաժողով է պայմանավորված այցելությունը, պետք է հասկանալ Հայաստանն ինչ է ցանկանում առաջ տանել և ինչ ծրագրեր են իրականացվում:
– Արցախյան հիմնահարցի շուրջ այս ինտենսիվ հանդիպումներն ու շփումներն ի՞նչ իրական նպատակ են հետապնդում:
– Ցանկացած երկիր իր շահերով է առաջնորդվելու: Մենք պետք է հասկանանք, որ այս տեսակի ցանկացած հանդիպում առիթ է դառնում Լավրովի համար Ռուսաստանի շահերն առաջ տանելու համար: Նալբանդյանն էլ պետք է մտածի Հայաստանի շահերն առաջ տանելու համար:
զրուցեց Արփինե Թովմասյանը