Հռոմի Պապի այցից առաջ Հայաստանի սուրբ քաղաքում՝ Էջմիածնում, ուշագրավ միջադեպ էր արձանագրվել:
Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրենի տեղակալ Արամ Բեյբությանը գինովցած, դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել Էջմիածին-Երեւան երթուղու միկրոավտոբուսի վարորդին եւ ուղեւորներին, հայհոյանքներով եւ սպառնալիքներով պարտադրել այն վարել իր մատնանշած վայրը: Իսկ երբ «Գազել»-ը հասել է Բեյբությանի տան մոտ, նա ուղեւորներին հրահանգել է իջնել ավտոմեքենայից, իսկ ինքն իր մոտ եղած դանակով կոտրել է «Գազել»-ի ապակիները, հայելիները, պատռել անիվներն ու նստարանները: Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ դանակով ուղեւորին սպանել սպառնացող փոխտնօրենին ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստորագրությամբ ազատ են արձակել, ավելին՝ անգամ քրեական գործ չեն հարուցել:
Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնել էին, որ քննություն է կատարվում դեպքը պարզելու համար, սակայն քննությունը փաստորեն չի ավարտվել, կամ չի էլ ավարտվի, որովհետեւ ազատ շրջում է հանցանք կատարած անձը:
ArmLur.am-ը փորձեց ևս մեկ անգամ դիմել ՔԿ` հասկանալու համար, թե ինչու դեռևս իրավական գնահատական չի տրվել դեպքին: Ի պատասխան մեր հարցմանը` Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ և անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին: Պատասխանում ասվում է նաև, որ կատարվածին կտրվի իրավական գնահատական:
Ստացվում է, որ «տիրովին տերն է տարել, անտերին՝ գելը» ժողովրդական ասացվածքը Հայաստանում միշտ մնում է արդի: Պարզվում է` մեր երկրում կարող ես Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրենի տեղակալ Արամ Բեյբությանի պես գինովցած, դանակի սպառնալիքով պատանդ վերցնել միկրոավտոբուսի վարորդին և ուղևորներին, հետո խոստովանել, որ կատարողը դու ես եղել ու շարունակել մնալ ազատության մեջ:
Մինչդեռ իրավապահ մարմինները կարող են, օրինակ, անտառապահին որսորդական հրացան ունենալու համար բերման ենթարկել, ինչպես եղավ Պավել Մանուկյանի եղբոր դեպքում, կարող են ոչինչ չգտնել տանը, բայց ուրիշի ցուցմունքի հիման վրա զրկել ազատությունից` ինչպես Ժիրայր Սէֆիլյանի դեպքում, կամ օրինակ Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու համար Գեւորգ Սաֆարյանի պես կալանքի տակ պահել: Սահմանադրության օրվա կապակցությամբ, թերևս, արժի մեկ անգամ ևս մեր օրինապահներին հիշեցնել, որ անգամ փոփոխված Սահամանադրության մեջ կա հոդված, այս անգամ` 28-րդ կետը, որը սահմանում է` «Բոլորը հավասար են օրենքի առջև»: Վատ չէր լինի, որ այն սկսեր գործել:
Ի դեպ, Սահմանադրության տոնի առթիվ շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանն ասել է. «…Մաղթում եմ, որ ապրենք և աշխատենք մեր Հիմնական օրենքի տառին և ոգուն համապատասխան»: