Ոստիկանությունը կոչ է անում Երեվանի տոնին զուսպ եվ հարգալից լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով զսպվածություն, հանդուրժողականություն, հարգալից վերաբերմունք ցուցաբերել “Էրեբունի-Երեւան” տոնակատարության ժամանակ:
“Հոկտեմբերի 11-12-ը մեր ավանդական ու սիրելի մայրաքաղաքային հանդիսության՝ “Էրեբունի-Երեւան” տոնակատարության օրերն են, տոն, որին մասնակցելու են հազարավոր երեւանցիներ, հյուրեր, զբոսաշրջիկներ:
Հրապարակային հանդեսներն ու միջոցառումներն ընդգրկուն ու բազմամարդ կլինեն, ինչը նշանակում է մարդկանց մեծ կուտակումներ Երեւանի տարբեր հատվածներում:
Անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, ցուցաբերել զսպվածություն, հանդուրժողականություն, հարգալից վերաբերմունք՝ միմյանց նկատմամբ:
Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել երեխաների հանդեպ, իսկ նրանց տեսադաշտից կորցնելու դեպքում անհապաղ դիմել պարեկող ոստիկաններին:
Տոնական օրերին առեւտուր իրականացնողներից պահանջում ենք բացառել ալկոհոլային խմիչքների վաճառքն անչափահասներին:
Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության միջոցներ՝ հանցավոր ոտնձգություններից զերծ մնալու համար, իսկ նման դեպքերում անհապաղ դիմել ոստիկանական պարեկախմբերին կամ ահազանգել բաժիններ ու հենակետեր եւ աջակցել իրավապահների գործողություններին:
Այս օրերին սահմանափակված է տեղաշարժը մայրաքաղաքի որոշակի հատվածներում, ինչի մասին նախապես իրազեկել ենք: Խնդրում ենք հետեւել ոստիկանության պահանջներին, պահպանել սահմանված երթուղիները՝ գիտակցելով, որ օրինահարգությամբ մասնակցում եք տոնախմբության կազմակերպմանն ու անցկացմանը:
Ոստիկանությունն ամեն ինչ կանի ,Էրեբունի-Երեւանե տոնակատարության օրերին մայրաքաղաքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն ու անվտանգություն ապահովելու համար եւ այդ գործում ակնկալում է համաքաղաքացիների օժանդակությունը: Եկեք միասին, համատեղ ուժերով անենք ամեն ինչ, որպեսզի մեր սիրելի տոնը չմթագնվի թեկուզ մեկ միջադեպով:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շնորհավորում է “Էրեբունի-Երեւան” տոնախմբության առթիվ, բոլորին մաղթում անմոռաց տպավորություններ ու բարօրություն”,- ասվում է հայտարարության մեջ:




Լրահոս