Այսօր Շիրակի մարզի Վահրամաբերդ, Մարմաշեն, Կապս համայնքների բնակիչները փակել էին համայնքներ տանող մարզային նշանակության ճանապարհահատվածի Գյումրի-Մարմաշեն հատվածը եւ պահանջում էին, որպեսզի մարզային իշխանությունների ներկայացուցիչներն այցելեն համայնքներ ու տեղում ծանոթանան կարկուտի հետևանքով կրած վասների չափին:
Բնակիչները բողոքում են, որ արդեն 3-4 տարի շարունակ համայնքների ցանքատարածությունները կարկուտի պատճառով վնասվում են, մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից հանձնաժողով է ձեւավորվում, ուսումնասիրում են, հաշվում են համայնքաբնակների կրած վնասների չափը, սակայն ոչ մի փոխհատուցում:
Խնդրի առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Վահրամաբերդ և Կապս համայնքների ղեկավարների հետ: Վահարամաբերդ համայնքի ղեկավար Աղվան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մարզպետարանի աշխատակիցների հետ բոլոր հարցերը քննարկվել են: Տեղադրվելու է ևս երեք կամ չորս հակակարկտային կայան:
Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ գյուղն ունեցել է երկու հակակարկտային կայան, և կարկուտի ժամանակ երկուսն էլ գործել են. «Տարածքը մոտավորապես 5 կմ ազատ տարածք է, իսկ հակակարկտային կայանները կարող են պաշտպանել միայն 3կմ-ը: Բնական է, որ մենք չէինք կարող էդ տարածքը պաշտպանել»: Աղվան Մարտիրոսյանը նշեց, որ ամբողջ տարածքից (400 հա ) վնասվել է մոտավորապես 90-100 %-ը:
«Հացահատիկային կուլտուրաները քաղելու իմաստ այլևս չկա, անգամ որպես խոտաբույս, երևի, չկարողանաք քաղել: Գյուղացու ողջ եկամուտը վնասվել է` ծառերից սկսած` մինչև ամենաչնչին բույսից վերջացրած»:
Իսկ Կապս համայնքի ղեկավար Լորիկ Մկոյանն այս մասով ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մարզպետին տեղյակ են պահել, համապատասխան հանձնաժողն արդեն ձևավորվել է. «Այս պահին սպասում ենք , որպեսզի հանձնաժողովի անդամների հետ միասին գնանք դաշտերը նայենք: Հիմա վնասի 30-40%-ն է երևում, սպասենք մինչև վերջնական կպարզվի: Մինչև արևը դուրս չգա, դաշտ դուրս գալ չենք կարող»:
Նշենք, որ վաղը առավոտյան Շիրակի մարզպետը պետք է հանդիպի համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Թեև համայնքի ղեկավարները և տուժած գյուղացիները հույս չունեն որևէ փոխհատուցման:
Լիդա Եղիազարյան