ՌԱԲԻՍ ԵՐԳԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երիտասարդ կատարող ՆԱՐԵԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ ճանաչում ձեռք բերեց ,Հայաստանի ձայնըե նախագծին մասնակցելու ընթացքում, սակայն, ինչպես ինքն է նշում, 16 տարեկանից սկսած` գործունեություն է ծավալել՝ մասնակցելով մի շարք մրցույթների: Նարեկը հաղթել է նաեւ Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթում: 2012-ին էլ թողարկել է իր առաջին ձայնասկավառակը եւ ունեցել առաջին մենահամերգը:
-Որքանո՞վ են մրցութային նախագծերն օգնում կատարողներին առաջ գնալ: Ի՞նչ է տեղի ունենում այդ նախագծերից հետո:
-Կարելի է ասել՝ ոչինչ էլ չի փոխվում, իմ ջանքերով անցնում եմ իմ ճանապարհը, ծավալում իմ գործունեությունը… Իսկ ,Հայաստանի ձայնըե նախագծից հետո ունեմ մեկ տարվա համագործակցության պայմանագիր ,Արմենիաե թիվիի հետ:
-Ճի՞շտ են խոսակցություններն այն մասին, որ Դուք Մոսկվայից եք ու միայն վերջին տարիներին եք տեղափոխվել Հայաստան:
-Իրականում նման բան չկա, բայց գործի բերումով ու նաեւ հանգստի նպատակով շատ եմ ճամփորդում: Մոսկվայում իմ հարազատներն են ապրում, ու կարելի է ասել՝ կյանքիս 50 տոկոսն անց եմ կացրել հենց այնտեղ: Ծնվել եմ Հայաստանում, ուսումս շարունակում եմ այստեղ ստանալ: Հիմա սովորում եմ Կոնսերվատորիայում, մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող եմ: Իսկ Մոսկվա հաճախակի եմ գնում, մի քանի ամիս ապրում այնտեղ ու կրկին վերադառնում:
Շատ արտիստներ դուրս գնալու ճանապարհ են փնտրում, իսկ Դուք դրսից վերադառնում եք:
-Ես շատ հայրենասեր եմ, ինչը չի թողնում, որ երկար բացակայեմ հայրենիքից: Ու քանի որ մենք մեր հասակակիցների հետ այսօրվա սերունդն ենք, պետք է ջանանք, որ մեր հայրենիքը դառնա ավելի լավը, ծաղկուն, իսկ դրա համար պետք է միասնական աշխատենք, ոչ թե թողնենք գնանք:
Որքանո՞վ են երիտասարդ սերնդի համար ստեղծված նպաստավոր պայմաններ, դրսեւորվելու հնարավորություններ:
-Դե կան հնարավորություններ, ուղղակի պետք է դրանք ճիշտ օգտագործել: 
Իսկ ովքե՞ր են տալիս այդ հնարավորությունները, եթե սեփական միջոցներ չունենաք:
-Բայց եթե դու բացարձակապես ֆինանսական միջոցներ չունես, ոչ մի տեղ էլ չես կարող գործունեություն ծավալել՝ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Ամերիկայում: Գումարը ծնվում է աշխատանքից: Եթե դու ճիշտ ձեւաչափով աշխատես քո բնագավառում, դու կվաստակես այն գումարը, որով կկարողանաս զարգանալ ու առաջ գնալ: Դա իմ տեսակետն է:
-Որպես նոր սերնդի ներկայացուցիչ` ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք ճիշտ ու որակյալ շոու բիզնես ստեղծել:
-Իմ կարծիքով՝ այո՛, որովհետեւ Հայաստանում կան տաղանդավոր երիտասարդ երգիչներ, որոնք տարիներ հետո կդառնան շոու բիզնեսի վառ ներկայացուցիչներ: Ոմանք հիմա են դարձել, ոմանք կայացման ճանապարհին են: Երիտասարդներն էլ իրենց հերթին պետք է մատուցեն որակյալ երաժշտություն: 
-Ձեր ավագ կոլեգաներից հաճախ ենք լսում, որ հիմա որակ չկա:
-Չեմ կարող համաձայնել, որակյալ երաժշտություն մենք ունենք, ունենք նաեւ անորակը, դա էլ չեմ հերքում: Ուղղակի այսօր ավելի պոպուլյար է ռաբիս երաժշտությունը, որն էլ հենց ամենից շատ է մատուցվում: 
-Դուք ի՞նչ ժանրի երգեր եք կատարում:
-Իմ ժանրը փոփն է, բայց կատարողը չպետք է սահմանափակվի միայն մի ոճով: Իմ նոր տեսահոլովակը, որ շուտով պատրաստ կլինի, ոճային փոփոխություն է կրում, դրա մեջ կլսեք քամանչա, բլուլ, այսինքն` ժողովրդական գործիքներ: 
-Պատկերացրե՞լ եք Ձեզ երբեւէ ռաբիս երգելիս:
-Պատկերացրել եմ ու միանգամից հիասթափվել եմ: Կարծում եմ, որ ես ռաբիս երգել չեմ կարող, դա ինձ համար չէ: Չեմ ուզում նմանվել շատերին: Տեսնում եմ, որ շատ երգիչներ նույն ժանրի մեջ են, մի երգչի երգացանկը նման է մյուսին: Ես դրան շատ դեմ եմ, որովհետեւ ամեն երգիչ պետք է ունենա իր տեսակն ու ոճը:
-Կկարողանա՞ք  Ձեր ոճում առաջ գնալ:
-Ես հիմա էլ արդեն իմ երգով բավականին վաստակում եմ: Հիմիկվա իմ շրջանի համար, կարծում եմ, վատ չեմ վաստակում:
-Ինչ-որ տեղ աշխատո՞ւմ եք:
-Կոնկրետ ակումբում չեմ աշխատում, բայց երգում եմ տարբեր կորպորատիվ միջոցառումների թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս: 
-Իսկ ինչպե՞ս են հեռուստաընկերությունները վերաբերվում Ձեզ, տեսահոլովակ ցուցադրելու համար գումար պահանջե՞լ են:
-Երբեւիցե: Իմ առաջին տեսահոլովակը, որ նկարահանել էի մի քանի ամիս առաջ, երբ տարա հեռուստաընկերություններ, իրենք տեսան, որ համապատասխանում է իրենց ստանդարտներին, առանց որեւէ գումարի ցուցադրեցին: Հավատացե՛ք, եւ ոչ մի հեռուստաընկերություն ինձնից գումար չի ուզել: Եթե անգամ ուզեին, միանշանակ չէի վճարելու: Ես համարում եմ, որ մատուցում եմ լավ երաժշտություն, իսկ դրա համար ես չեմ պատրաստվում գումար տալ: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս