Հուլիսի 1-ից Հայաստանում գործում է «Yandex Taxi» օնլայն ծառայությունը: «Yandex Taxi»-ն շուկայում առանձնանանում է նրանով, որ առաջարկում է 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար: ArmLur.am-ի թղթակիցը զրուցել է «Yandex Taxi»-ի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ.
-Պարո՛ն Խուդավերդյան, ինչո՞ւ եւ ինչպե՞ս որոշեցիք նման ծրագիր սկսել Հայաստանում:
-Հայաստանն ու Երեւանն ինձ համար շատ հետաքրքիր են, ես ծնվել ու մեծացել եմ այստեղ, եւ այս ծրագիրը հայրենիքում իրականացնելու պատճառներից մեկն էլ դա է. իհարկե, կան նաեւ այլ պատճառներ: Առաջինը, թերեւս այն է, որ կա մեծ շուկա, եւ արժեքներն էլ գրեթե նույնն են, ինչ արտասահմանյան երկրներում, եւ երկրորդը, որ փոքր տարածքում պատվերները շատ են, եւ վարորդները կկարողանան ավելի շատ գումար վաստակել:
-Կխնդրեի նշեիք, թե ինչո՞վ է պայմանավորված տաքսի ծառայության ցածր սակագինը, եւ ուրիշ ինչո՞վ է այն մյուսներից տարբերվելու:
-Ամենակարեւոր գործոնը «Yandex Taxi»-ի տեխնոլոգիաներն են, որոնք թույլ են տալիս աշխատանքն ավելի էֆեկտիվ դարձնել, սերվիսն էլ, իր հերթին, ավելի հարմար եւ հուսալի: Հնարավոր է հարց առաջանա, թե ինչով է այն հարմար ու հուսալի. հարմար է, որովհետեւ մարդիկ, պատվիրելով մեքենա, քարտեզով կարող են հետեւել, թե ինչպես է այն գալիս, իրենց մոտ գրանցվում է վարորդի անունը, իսկ հուսալի է, որովհետեւ դու արդեն գիտես, թե ում հետ ես ճանապարհ գնալու, եւ պատահական անձինք լինել չեն կարող:
Իսկ սակագինը ցածր է, որովհետեւ մենք, օգտվելով մեր նավիգացիոն մեխանիզմներից, կարողանում ենք հասկանալ, թե տվյալ պահին պատվիրողին որ մեքենան է ավելի մոտ, եւ այդպիսով հնարավորինս կրճատում ենք ծախսերը: Նաեւ կարեւոր մի բան էլ պետք է նշել. հաճախորդները վճարում են այն տարածքի համար, որն իրենք հատել են մեքենայով եւ ոչ երբեք իրենց սպասելու համար:
-Նման ցածր սակագնով աշխատելը որքանո՞վ է շահութաբեր, եւ հնարավո՞ր է՝ ապագայում սակագինը բարձրանա:
-Իհարկե, գումարի մասով լուրջ ձեռքբերումների հնարավոր է լինում հասնել միայն 6-8 ամիսների ընթացքում, եւ հիմա շահույթի մասին խոսելը դեռ վաղ է: Իսկ սակագնի բարձրացում, ես հույս ունեմ, որ չի լինի: Այնումենայնիվ, եթե հանկարծ կատարվի էլ, մեծ տարբերություն չի լինի:
-Նախքան նախագծի մեկնարկը, կառավարության շենքի դիմաց մի խումբ տաքսու վարորդներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ընդդեմ «Yandex Taxi»-ի, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
-Ես անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ովքեր են եղել այդ մարդիկ, բայց մեծ մասամբ, առանց խնդրի բուն էությունը հասկանալու, դրան դեմ են արտահայտվում: Բայց ես հույս ունեմ, որ տաքսու վարորդները ժամանակի ընթացքում կհասկանան, որ սա ավելի ձեռնտու է, ավելի հարմար, եւ ամեն ինչ ինքն իրեն իր տեղը կընկնի:
-Թիմն արդեն ձեւավորվել է. չէի՞ք ասի՝ քանի վարորդ է միացել Ձեզ, եւ արդյոք գո՞հ եք առաջին օրվա արդյունքներից:
-Մենք Երեւանում 11 տաքսի ընկերությունների հետ ենք սկսել համագործակցել, թիմում կա արդեն 250 վարորդ, ինչ բավականին լավ արդյունք է: Իսկ պատվերների մասով կարող եմ ասել, որ Երեւանը գրանցեց լավագույն արդյունքն առաջին օրվա համար:
Լիլիթ Շաբոյան