Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով եղել է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հացահատիկի մթերման Ասկերանի պահեստում և մի շարք խոշոր ալրաղացներում և ծանոթացել հացահատիկի մթերման աշխատանքներին:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Ա. Հարությունյանը պատասխանատուներից հետաքրքրվել է հացահատիկի մթերման և տեղավորման աշխատանքներով:
Վարչապետը գոհունակություն է հայտնել մթերող կազմակերպություններին` հողօգտագործողների հետ համագործակցված արդյունավետ աշխատանքի համար: Նա հորդորել է մինչև բերքահավաքի ավարտը նույն ոճով աշխատել, որպեսզի հերթեր և կուտակումներ չառաջանան:
«Բոլորիս խնդիրն է, որ հացահատիկ արտադրողները մթերման հետ կապված խոչընդոտներ չունենան և առանց ուշացումների կարողանան ոչ միայն հանձնել բերքը, այլև ժամանակին ստանալ իրենց գումարները»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը և հավելել, որ դժվարությունների դեպքում կառավարությունը պատրաստ է աջակցել տնտեսվարողներին:
Այցի ընթացքում Ա. Հարությունյանին ուղեկցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ԳԳԱ հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, պաշտոնատար այլ անձինք: