Ինչ է պատմում ուսանողուհուն ինքնասպանության դրդելու մեջ կասկածվող դասախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ինքնասպանություն է գործել Մանկավարժական համալսարանի ուսանող Ջ. Կարապետյանը: Լրատվամիջոցներում շրջանառված վարկածներից մեկի համաձայն` հանգուցյալ Ջ.Կարապետյանը ինքնասպանություն է գործել ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լալիկ Խաչատրյանի հետ արհեստական խնդիրներ ունենալու պատճառով:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Ես ուղղակի ապշած եմ, շատ ցավալի բան է տեղի ունեցել: Բայց ինչ վերաբերում է, որ Ջ.Կարապետյանը արհեստական խնդիրներ կարող էր ունենալ ամբիոնի վարիչ Լալիկ Խաչատրյանի հետ, դա միանշանակ սխալ տեղեկություն է: Մեր ուսանողը չէր կարող խնդիր ունենալ իր դասախոսի հետ»: Դեկանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարող է սա կեղտոտ մի խաղ լինել կապված Լալիկ Խաչատրյանի հետ, քանի որ նա օգոստոսին պետք է հայտ ներկայացնի ամբիոնում պաշտոն ստանձնելու համար:

ArmLur.am-ն զրուցեց նաև Լալիկ Խաչատրյանի հետ, ով ևս նման դիտարկում արեց: Ըստ մեր զրուցակցի` ինքնասպանություն գործած ուսանողուհուն դասավանդել է միայն առաջին կուրսում: «Բարձր կուրսերում դաս չեմ ունեցել և որևէ խնդիր ունենալ չեմ կարող: Ես այդ աղջկան դասավանդել եմ առաջին կուրսում և դաս չեմ ունեցել մինչև ավարտական քննությունը: Հանձնաժողովի բոլոր անդամները նրան գնահատել են 54-55 միավոր պետական քննությանը: Ես նրան նույնիսկ չեմ էլ հիշում դեմքով, մենք հարյուր հոգու քննել ենք»,- նշեց նա:

Խաչատրյանի խոսքով` մեկ ամիս հետո ամբիոնի վարիչի ընտրություններ են սպասվում, և հենց դա կապ ունի այս պատմության մեջ իր անունը շահարկելու հետ: «Ամբիոնի վարիչի ընտրություն է լինելու, և միակ հավանական թեկնածուն ես եմ: Ես ուրիշ բան չեմ տեսնում այստեղ: Նախ ցավ եմ ապրում նրա մահվան համար, երկրորդը` եթե նրա մահը բերում կապում են քննության հետ, դա նենգ, ստոր մոտեցում է: Հոգեբանորեն այդ աղջիկը քննությունից կդժգոհեր այն աստիճանի, որ ինքնասպանության գնար, դա անու՞մ են երկու ամիս հետո: Ինչու են կապում քննության հետ»,- հավելեց նա:

Խաչատրյանն ընդգծեց, որ իրավապահները նրան չեն հարցաքննել և եթե հարցաքննելու լինեն, ապա հանձնաժողովի բոլոր 9 անդամներին էլ պետք է հարցաքննեն: «Իմիջիայլոց, նրա մայրը կամ սկեսուրը քննությանը նստած էր: Ինչ-որ մեկն ասաց` մայրը նստած է, երբ իմացավ անբավարար է ստացել, դուռը թափով փակեց, գնաց. ասում են, որ նա էր: Այնուամենայնիվ, այդ կինը նստած էր քննությանը, թող նա ասի` ինչ է եղել: Մի խոսքով, բաներ կան, որոնք խութեր են», – հավելեց նա:

Խաչատրյանը նշեց, որ թեթև է նայում զրպարտություններին, քանի որ դա բնորոշ է մեր հասարակությանը: «Իմ անունը շահարկել են` կասեցնելու համար ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի ընտրությանը մասնակցելս: Ես, միանշանակ, կմասնակցեմ. հիմա ես ժամանակավոր պաշտոնակատար եմ», – եզրափակեց Լալիկ Խաչատրյանը:




Լրահոս