Բնապահպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Դեսպանի նշանակումից հետո սա առաջին այցն էր բնապահպանության նախարարին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարար Արամ Հարությունյանն ողջունելով դեսպան Ռեիսիին` ընդգծել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և հույս հայտնել, որ նոր դեսպանի հետ սերտ համագործակցության արդյունքում, ավելի կխորանա բնապահպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությունը:
,Մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ունենք, որոնց շուրջ ակտիվ գործունեություն ենք ծավալում, մասնավորապես՝ հայ -իրանական սահմանին ,Խաղաղության այգուե ստեղծման ուղղությամբե,-նշել է նախարար Արամ Հարությունյանը:
Դեսպան Ռեիսին մեկ անգամ ևս ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության բարձր մակարդակը և նկատել, որ բոլոր պայմանավորվածություններն, որոնք եղել են Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ, ուժի մեջ են և կողմերը պետք է աշխատեն դրանց զարգացման ուղղությամբ:
Իրանի դեսպանը բնապահպանության նախարարին փոխանցել է Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական կազմակերպության ղեկավար ԻԻՀ նախագահի տեղակալ Մասումե Էբթեքարի բանավոր հրավերը, իրեն հարմար ժամանակահատվածում այցելել Իրան:
Նախարար Արամ Հարությունյանը սիրով ընդունել է հրավերը և հայտնել, որ այցի ժամկետների մասին հնարավոր կլինի խոսել միայն դիվանագիտական խողովակներով հրավերը ստանալուց և այցի օրակարգը համատեղ կազմելուց հետո: 
Կողմերը նպատակահարմար են գտել նաև համատեղ ընդլայնված նիստ գումարել աշխատանքային խմբերի մասնակցությամբ, որտեղ կներկայացվեն Արաքս գետից փորձանմուշներ վերցնելու լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները: 
Իրանի դեսպանը և բնապահպանության նախարարը քննարկել են նաև իրանցի մասնագետների՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Հայաստանի փորձին ծանոթանալու հնարավորությունները:
 




Լրահոս