«Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ խմորումները շարունակվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին աշխատանքից ազատվել են ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուղադարյանը եւ ՔԿՀ-ի տնտեսական մասով պետի տեղակալ Էդիկ Գրիգորյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ այս հեռացումները պատահական չեն եղել, դրանք կապված են ՔԿՀ-ում դատապարտյալների դժգոհության եւ օրերս իրավապահների կողմից իրականացված աղմկալի չարաշահումների հետ:
Եվ այսպես՝ այս տարվա մայիսի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աղմկահարույց չարաշահումներ էին հայտնաբերվել, ինչից հետո ժամանակավորապես դադարեցվել էին ՔԿՀ պետի լիազորությունները: Վերջինիս փոխարինեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, որին մարտի 2-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատել էր պաշտոնից` քրեական տարրերի հետ «սեղան նստելու համար»:
Ինչպես նկատեցիք՝ Սերոբ Հարությունյանի մուտքը ՔԿՀ այդքան էլ բարեհաջող չի սկսվել: Բանն այն է, որ ՔԿՀ-ի նորանշանակ պետը կալանավայրի նիստուկացում որոշ փոփոխություններ է իրականացրել, ինչը դատապարտյալների սրտով չի եղել: Մասնավորապես, նա հրահանգել է դռների դիտանցքները փակ պահել: Հատկապես առաջին հարկի խցերի համար այդ ճեղքերի բացվածքը կարեւոր է, քանի որ օդափոխության հնարավորություն է տալիս:
Ուստի նոր պետի խստացումը դատապարտյալների շրջանում արդեն իսկ լուրջ դժգոհություններ է առաջացրել: Սա էլ դեռ քիչ է, Սերոբ Հարությունյանը դատապարտյալների առաջ պայման է դրել. եթե նրանք քրեակատարողական հիմնարկի տրամադրած ուտելիքը չվերցնեն, ապա դրսից ուղարկված ուտելիք եւս չեն ստանա: Արդյունքում, դատապարտյալները պարտադրված վերցնում են ՔԿՀ-ի տրամադրած ուտելիքը: Իսկ, ահա, մեզ հետ զրույցում դատապարտյալների հարազատները հայտնել էին, որ ՔԿՀ-ի տրամադրած սնունդը այնքան վատն է, որ անհնար է ուտել: Նրանց խոսքով՝ բոլորը սնվում են դրսից ուղարկած սնունդով, իսկ ՔԿՀ-ի տրամադրած սնունդը լցնում են զուգարանները:
Բանը հասավ նրան, որ նորանշանակ պետի իրականացրած փոփոխություններն այն աստիճան սրեցին իրավիճակը, որ դատապարտյալները թուք ներարկեցին իրենց, իսկ նրանցից մեկն էլ ոտքերը գամեց հատակին:
Այս ամենի արդյունքում բարձրացված աղմուկից հետո ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանին այլ ելք չի մնացել, քան ՔԿՀ ներսում որոշակի փոփոխությունների գնալը, ասել է, թե դատապարտյալների կողքին կագնել՝ հնարավոր նոր աղմուկից խուսափելու համար: Եվ այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ նախօրեին աշխատանքից ազատվել են «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուղադարյանը, ՔԿՀ-ի տնտեսական մասով պետի տեղակալ Էդիկ Գրիգորյանը:
Ըստ ՔԿՀ-ում շրջանառվող լուրերի՝ Սմբատ Բուղադարյանի ազատումը կապված է դատապարտյալների խցերի դիտանցքները փակելու եւ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ, իսկ, ահա, ՔԿՀ-ի տնտեսական մասով պետի տեղակալ Էդիկ Գրիգորյանի հեռացումը կապված է դատապարտյալներին պարտադրված անորակ սնունդ տրամադրելու հետ: Ըստ ամենայնի, վարչությունը վերոնշյալ պաշտոնյաներին հեռացրել է դատապարտյալների սիրտը շահելու համար եւ, դեռ ավելին, որոշել է դատապարտյալների խցերի դիտանցքները կեսօրից մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն բաց թողնել:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուղադարյանի հետ՝ պարզելու համար , թե ինչ դժգոհություն է հասունացել իր անվան շուրջ եւ, առհասարակ, նա ինչ կապ ունի ՔԿՀ-ում հայտնաբերված չարաշահումների հետ::
-Պարո՛ն Բուղադարյան, Ձեզ հեռացրել են աշխատանքից, ո՞րն է պատճառը:
-Չեն հեռացրել, տեղափոխել են այլ պաշտոնի:
-Մեզ հասած տեղեկություններով՝ Ձեզ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռացրել են այն պատճառով, որ Դուք եք հրահանգել դատապարտյալների խցերի դիտանցքները փակել, ինչն էլ հանգեցրել է մեծ աղմուկի:
-Ընդհանրապես կապ չունի դրա հետ:
-Դուք արդեն մի քանի տարի է, ինչ ՔԿՀ-ում եք աշխատում, միգուցե նորանշանակ պետի հետ չհարմարվեցի՞ք:
-Կապ չունի:
-Իսկ այդ դեպքում ինչի՞ հետ կապ ունի:
-Սա հո առաջին դեպքը չէ, որ տեղափոխել են: Մեկ ամիս առաջ Սեւանում էի: Ես «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ երկու անգամ եղել եմ, մեկը 2009 թվականից մինչեւ 2014 թվական, հետո 7-8 ամիս ուրիշ տեղ եմ եղել, հետո եկա Նուբարաշեն պետի տեղակալ, հիմա էլ ուրիշ տեղ եմ տեղափոխվում:
-Ո՞ւր են տեղափոխել Ձեզ:
-«Հրազդան» ՔԿՀ պետի տեղակալ:
-Ինչպես գիտեք՝ 2016 թվականի մայիսի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում լուրջ չարաշահումներ էին հայտնաբերել, եւ ժամանակավորապես դադարեցվել էին ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները: Դուք նրա տեղակալն եք եղել եւ գիտեք, թե ինչ չարաշահումներ էին եղել:
-Ի՞նչ չարաշահում, լուրջ եմ ասում՝ ինքը իր դիմումի համաձայն է դուրս եկել:
-Իսկ Դուք մարդկային մոտեցում եք համարո՞ւմ այսօրվա գերծանրաբեռնված խցերում դիտանցքները փակելը:
-Բաց էլ թողնում էինք, իրանք իրենց կապրիզներն էին ցույց տալիս, նորանշանակ պետը նորմալ մտածող մարդ է, բաց է թողնում, իրենք շատ դեպքերում շանտաժի են դիմում: Ես չեմ ուզում որեւէ մեկին քննադատել, իրենք էլ իրենց աշխարհն ունեն եւ ուզում են իրենցն առաջ տանեն, աշխատողի մասին վատը մի մտածեք, շատերը քրտնաջան աշխատում են, ու չգիտես ինչու՝ կալանավորի ասածը լուրջ են ընդունում: Ազնիվ մարդիկ էլ շատ կան, բայց կան, որ շանտաժի են գնում:
-Բայց սա միակ աղմկահարույց դեպքը չէ, որ առնչվոմ է Ձեր անվանը: Դուք հայտնի եք նաեւ նախկին դատապարտյալ Արտակ Հակոբյանին ծեծի ենթարկելու գործով, դա՞ էլ է սուտ:
-Նա հայտնի շանտաժիստ է:
–Նորմալ եք համարում, որ Ձեզ անընդհատ տեղափոխում են տեղից տեղ: Մի՞գուցե այնքան խնդիրներ եք ստեղծել, որ չգիտեն՝ ինչպես փրկեն իրավիճակը:
-Բայց ինչի համար, միգուցե մի մարդ շատ մի տեղ մնում, լճանո՞ւմ է ( ծիծաղում է Ք.Մ):
զրուցեց Քնար Մանուկյանը