ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 26-ին նախանշված է Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության (ՀԿԵՄ) համագումարը, որի ընթացքում կընտրվի կամ կվերընտրվի միության նախագահը: Իսկ մինչ այդ երկու տասնյակից ավելի կոմպոզիտորներ պահանջում էին հրավիրել արտահերթ համագումար, քանի որ, ըստ նրանց, միության նախագահն ու վարչությունը լեգիտիմ չեն։ Բացի այդ՝ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը որեւէ կերպ չի արձագանքում արդեն ութ տասնյակից ավելի կոմպոզիտորների՝ միությանը պատկանող Դիլիջանի ստեղծագործական տունն Էդուարդ Միրզոյանի անունով կոչելու մասին դիմումին:
Իսկ երեկ արդեն 27 երիտասարդ կոմպոզիտորներ հանդես են եկել վերոնշյալի վերաբերյալ բաց նամակով, ուր մասնավորապես նշված է. “Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ արդեն երկրորդ անգամ ՀԿԵՄ նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գրեթե երեք տարի ուշացումով է անցկացնում ՀԿԵՄ նախագահի ընտրությունները:
 Իսկ վերջին համագումարից հետո, որը տեղի է ունեցել 2009 թվականին, անգամ վարչություն չի ընտրվել, այսինքն՝ գրեթե հինգ տարի ՀԿԵՄ-ը ղեկավարվում է ինքնիշխան, ինչի պարզ հետեւանքն են ներկայիս խնդիրներըե: Ապա երիտասարդ կոմպոզիտորները մատնանշում են այն խնդիրները, որոնց պատճառով իրենք կտրվել են միությունից եւ նույնիսկ չեն ցանկանում անդամագրվել ՀԿԵՄ-ին։ Երիտասարդները համարում են, որ պետք է տեղի ունենա ներկայիս նախագահի փոփոխություն, եւ միության անդամներին կոչ են անում համագումարի ընտրության ժամանակ քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին:
Այս ամենի վերաբերյալ “Ժողովուրդ”-ը զրուցեց հայտնի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանի հետ: “Հարկավոր է ձգտել, որպեսզի, ով էլ ընտրվի, գործի կանոնակարգին համաձայն եւ հօգուտ ողջ միության՝ վերականգնելու համար այն բարձր անունը եւ ճանաչումը, որ ուներ Հայաստանի կոմպոզիտորների միությունը։ Ինչպես նաեւ անհրաժեշտ է Էդուարդ Միրզոյանի անունով կոչել Դիլիջանի ստեղծագործական տունը, որի ամեն մի քարը եւ ամեն մի՝ այսօր արդեն հսկայական դարձած ծառը հիշում են նրա ձեռքի շփումը, հոգատարությունը, որովհետեւ այնտեղ տարվող բոլոր աշխատանքներին Էդուարդ Միրզոյանը մասնակից է եղել”,-ասաց նա: Իսկ հարցին, թե արդյոք իրենք այս պահին այլընտրանքային թեկնածու ունեն, Վարդազարյանը պատասխանեց. “Ո՛չ, դա ցույց կտա համագումարի ընթացքը”:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 633 համար




Լրահոս