Ռուսաստանին ձեռք մեկնելով՝ Թուրքիան օրինակ է տվել Վաշինգտոնին, որը նույնպես պետք է դադարեցնի Մոսկվայի հետ «սառը պատերազմը», գրում է Forbes-ը:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն նրանց, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար: «Քանի որ Մոսկվայի և Անկարայի միջև պոտենցիալ կոնֆլիկտը կարող էր իրական ողբերգության հանգեցնել»,-գրում է պարբերականը:
Forbes-ի խոսքով՝ Մոսկվայի հետ հաշտեցման համար զիջումների գնալու՝ Անկարայի պատրաստակամությունը պետք է օրինակ հանդիսանա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար:
Պարբերականն ընդգծում է, որ Վրաստանում և Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականությունը ոչ մի կերպ չի սպառնում Վաշինգտոնին: «Այդ ոչ կայուն պետությունները դեռևս Ռուսական կայսրության դարաշրջանից եղել են Մոսկվայի վերահսկողության տակ: Երկու երկրները երբեք նշանակություն չեն ունեցել ԱՄՆ անվտանգության ապահովման համար»,-հավելում է Forbes-ը: