«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ն առաջիկայում կայանալիք Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին հակված է պաշտպանելու «Գալա» Հ/Ը հիմնած «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության թեկնածուին: Սակայն, ըստ նույն լուրերի, ՀԱԿ-ում մտավախություն ունեն, որ «ԳԱԼԱ»-ի հետ կարող է դաշինք կազմել նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի ստեղծած «Համախմբում» կուսակցությունը:
Ուստի ՀԱԿ-ը փորձում է «ԳԱԼԱ»-ից երաշխիքներ ստանալ, որ եթե իրենց կուսակցությունը համաձայնի աջակցել, ապա նրանք չեն փորձի Օսկանյանի հետ համագործակցության ուղիներ փնտրել: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրերի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից, որը խնդրի առնչությամբ ասաց. «Այս պահին որեւէ պայմանավորվածություն, որեւէ համաձայնություն որեւէ մեկի հետ չկա»: