Դեռևս ամիսներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Մազմանյանն ազատվել էր պաշտպանության նախարարության համակարգից: Նախարար Սեյրան Օհանյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանել էր, որ Մազմանյանն ազատվել է իր դիմումի համաձայն, սակայն, երբ նա այսօր գնացել է զորամաս` իր անձնագիրը վերցնելու, տեղեկացրել են, որ նա ամենևին էլ իր դիմումի համաձայն չի ազատվել, այլ կոնկրետ հոդվածով:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Տիգրան Մազմանյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերից մինչև փետրվար աշխատել է պաշտպանության նախարարության խաղաղապահ զորքերում` որպես պայմանագրային զինծառայող: Տիգրանի խոսքով` շատ է շրջանառվել այն տարբերակը, որ իրեն աշխատանքից հեռացրել են Շահեն Հարությունյանի հետ լուսանկարվելու և ակցիաներին մասնակցելու պատճառով:
«Սեյրան Օհանյանն իր հարցազրույցում ասում է, որ զինվորականությունը պետք է հեռու մնա քաղաքականությունից և նշվում է, որ իմ դիմումի համաձայն եմ հեռացվել աշխատանքից: Սակայն այսօր ես գնում եմ զորամաս, և ինձ տեղեկացրին, որ հեռացրել են կոնկրետ հոդվածով: Պարզվեց` նախարարը խաբել է, իր հրամանով եմ հեռացվել»,- հավելեց նա:
Տիգրանը նշեց, որ նոյեմբերի հինգին երթի ժամանակ իրեն զգուշացրել են, որ նման բաներով չզբաղվի և իր խոսքով, նա հենց այդպես էլ վարվել է: «Դրանից հետո հունվարին կանչել են ֆեյսբուքով ստատուս գրելու համար` նախարարի հրամանով պետք է դուրս գաս: Մեր զորամասի պետն ասաց` դու զեկուցագիր գրի, որ քո դիմումի համաձայն դուրս գաս ու ես գիտեի, որ այդպես է»,- հավելեց նա:
Ինչպես հայտնի է` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը, ով 2012-ին պաշտոնանկ արվեց ՊՆ-ին գոմեշի մսի մատակարարման շուրջ կոռուպցիոն սկանդալի շրջանակներում, Տիգրանի քեռին է: Սակայն վերջինս իր քեռու հետ պատմության և իր աշխատանքից հեռացման միջև կապ չի տեսնում: Տիգրանը վստահ է, որ դա իր քաղաքական ակտիվության հետևանքն է:
Փորձեցինք այս առնչությամբ զրուցել նաև ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց:
Նաիրա Հովհաննիսյան