Ադրբեջանն ասում է` եթե չվերադարձնեք, մենք կկռվենք. փաթեթում տարածքների խնդիրը կա. Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

– Պարո’ն Գրիգորյան, օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԱԳ ղեկավարների հանդիպումը, որից հետո նաև Նալբանդյան-Լավրով երկկողմ հանդիպում: Ըստ Ձեզ` նման հանդիպումները ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում ի՞նչ նշանակություն կարող են ունենալ:

– Դրական էր, որ վեց երկրների արտգործնախարարներն այստեղ էին: Դրական է նաև  այն հայտարարությունը, որ արվեց Ղարաբաղին վերաբերող, քանի որ հիշատակվեց Վիեննայի հանդիպումը, որտեղ կար շատ կարևոր դրվագ կապված հետաքննող մեխանիզմների հետ: Այդ տեսանկյունից օգտակար էր: Ինչ վերաբերում է երկկողմ հանդիպմանը, ես դատում եմ այդ պրոցեսը, ոչ թե նրանով, ինչ քննարկվում է, այլ նրանով` կրակում է Ադրբեջանը, թե ոչ: Սահմանում վերջին ժամանակներս չեն կրակում և ես ենթադրում եմ, որ փաթեթում այդ տարածքների խնդիրը կա: Ես չեմ ասում` այսօր կամ վաղը, բայց այնուամենայնիվ շոշափվում է այդ խնդիրը: Ադրբեջանն ասում է` եթե չվերադարձնեք, մենք կկռվենք:

– Իսկ այդ դեպքում ո՞րը պետք է լինի մեր անելիքն ու դիրքորոշումը:

– Բանակն ուժեղացնել, ուրիշ անելիք չունենք: Պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք. Ադրբեջանը ոչ մի զիջումների չի գնա: Իրենք ոչ մի այդ ձևի բաների չեն գնա, ես հետևում եմ Ալիևի հայտարարություններին և չեմ տեսել, որ իրենք քննարկեն կարգավիճակ Ղարաբաղի համար: Պետք է հասկանանք, որ պետք է ուժեղացնենք երկիրը, բանակը և դա կլինի զսպող մեխանիզմ: Ադրբեջանի իշխանությունները հակված չեն լսելու միջազգային հանրությանը:

– Իսկ այնուամենայնիվ ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում այսպես ակտիվ հանդիպումները կարո՞ղ ենք դրական համարել:

– Ես համարում եմ` ավելի լավ է, հաճախ հանդիպեն, քան թե պատերազմեն: Պարզ է, որ Ռուսաստանի ազդեցությունը մեծ է և նրանց նախաձեռնությամբ կրկին հանդիպումներ կլինեն, բայց ես կարծում եմ, որ մեր շահերից է, որ Մինսկի խմբի ջանքերով ավելի շատ լինի, քան թե միայն Ռուսաստանի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս