Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անլուրջ համարեց բոլոր այն խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանը նախատել է իրեն. «Նման բան չկա»:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 7-ին Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Իսկ թե ինչն էր եղել մարզպետի կտրուկ որոշման պատճառը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել անձամբ նրանից:
-Պարո՛ն Բարսեղյան, կբացատրե՞ք, թե ինչու հրաժարականի դիմում գրեցիք:
-Ուղղակի չեմ ուզում աշխատել, հո մեղավո՞ր չեմ, որ չեմ ուզում: Ես իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել:
-Միգուցե չեք ցանկանում խոսել, բայց հստակ է, որ Արարատի մարզում դիզվառելիքի յուրացման խոշոր գործից հետո Ձեր նկատմամբ վստահությունը պակասեց, ու Ձեր հեռացման հիմնական պատճառն էլ հենց դա է:
-Ախր ինչո՞ւ են կապում դիզվառելիքի հետ, չեմ հասկանում: Ինչ ուզում են, թող խոսեն, ես խնդիր չունեմ:
-Ըստ լուրերի՝ Արարատի մարզում արձանագրված դիզվառելիքային յուրացումների համար Սերժ Սարգսյանը խիստ բարկացել է Ձեզ վրա ու նախատել հոկտեմբերի 5-ին Վայոց Ձորում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո:
-Այնտեղ հարյուր մարդ է եղել, ավելին, այդ բոլորը անլուրջ խոսակցություններ են, ու ընդհանրապես, ես Սերժ Սարգսյանի հետ այդ օրը չեմ էլ խոսել:
-Բայց Ձեր հրաժարականի քայլը շատ տարօրինակ էր ու զարմանալի: Ինչո՞ւ հիմա հասկացաք, որ չեք ուզում աշխատել:
-Տարիքս, 66 տարեկան եմ, 67-ի շեմին եմ ու նպատակահարմար եմ գտել դուրս գալ:
Այս խոսքերից հետո Բարսեղյանն անջատեց հեռախոսը՝ ասելով, թե շատ զբաղված է:
Հ.Գ. Ուշագրավն այն է, որ դեռեւս հոկտեմբերի 1-ին՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, նույն Էդիկ Բարսեղյանը, անդրադառնալով Արարատի մարզում կատարված յուրացումների թեմային, ասել էր, թե երբ դատարանը կայացնի իր վերջնական վճիռը, ինքը կորոշի, թե ինչ ճակատագրի արժանացնի 16 համայնքապետերին: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ մարզպետը չհասցրեց գյուղապետերին պատժել: Անձամբ պատժվեց:
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ