Օրեր առաջ Երեւանում կայացավ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի ավարտին հաջորդեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ հայտարարությունը:
ՀՀ արտգործնախարարը նշեց, որ հանդիպմանը քննարկել են պետությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները, նրանց հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը, նաեւ ՀԱՊԿ-2025 թվականի ռազմավարությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության խնդրին:
«Ժողովուրդ»-ն այս կապակցութամբ մի քանի հարց է ուղղել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին:
-Պարո՛ն Մարտիրոսյան, հետեւել եք ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհուրդի նիստին, Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ նոր բան կար այդ աշխատանքային հանդիպման մեջ:
-Ոչ մի նոր բան չկար եւ առկա իրավիճակում չէր էլ կարող լինել: Այն, ինչ նորություն է, կամ թարմացված հինը, առկա էր Ալեքսանդրովյան պալատի այն սենյակում, որտեղ միայն ու միայն երեք առաջնորդ հանդիպեցին:
-Լավրով-Նալբանդյան հանդիպման մասին ժլատ տեղեկություններ հրապարակվեցին, Ձեր կարծիքով ի՞նչի շուրջ կարող էին խոսել Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո հանդիպող ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները:
-Արցախյան հարցով այս փուլում արդեն պայմանավորվածություններն այդ մակարդակում չէ, որ ձեռք են բերվում: Այս մակարդակում արդեն միայն տեխնիկական դետալներ են քննարկվում, եւ ակնհայտորեն այդ դետալներն անգամ որոշվել է գաղտնի պահել:
-Պարո՛ն Մարտիրոսյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունում ի՞նչ նոր շեշտադրումներ կարող եք առանձնացնել:
-Ինչպե՞ս կարող է նման մասնակիցներով նման ստանդարտ հավաքում ինչ-որ դարակազմիկ նոր բան ասվել: Ընդունվել է մի հայտարարություն, որպիսիք աշխարհի տարբեր կետերում ամեն օր տասնյակներով են ընդունվում:
-Արցախյան հիմնահարցի շուրջ ինտենսիվ հանդիպումներն ու շփումները ի՞նչ իրական նպատակ են հետապնդում:
-Իրական նպատակը, իմ խորին համոզմամբ, կայանում է խնդիրը փուլային ավերիչ տարբերակով լուծելու համընդհանուր համաձայնություն ձեռք բերելու նպատակադրության մեջ: Դա այն պլանն է, որի մասին ահազանգում են մտահոգ բոլոր մասնագետները, եւ դա այն պլանն է, որն այլեւս առհավետ կոտրելու է Հայաստանի ողնաշարը եւ այս երկիրն ու ժողովրդին պատմության ընթացքից դուրս նետելու: Որեւէ տարածքի՝ որեւէ պարագայում հանձնումը նշանակում է Արցախի հայաթափում եւ ՀՀ տարածքի խիստ թուլացում, որը հղի է նաեւ Զանգեզուրի կորստյամբ, որն, իր հերթին, երաշխավորելու է Երեւանի անկումը: Գեթ մեկ մետրի նոր հանձնումը դոմինոյի էֆեկտով հասնելու է մինչեւ Երեւան եւ Էջմիածին եւ մեր թմրած գլուխներին փլուզելու ոչ միայն մեր տան տանիքները, այլեւ մեր գոյության հնարավորությունն ու մեր ազգի ապագան:
-Իսկ այս իրավիճակում Արցախի վերադարձը բանակցային սեղանին որքանո՞վ է հնարավոր, եւ, ըստ Ձեզ, ինչո՞ւ պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտն ավելի վճռական չեն այդ պահանջն առաջ տանում:
-Հնարավոր չէ, որովհետեւ Հայաստանի երկրորդ նախագահը փայլուն կերպով դուրս էր մղել Արցախն այդ կարեւոր գործընթացից եւ Արցախը փոխարինել իր անձով: Չի արվում, որովհետեւ Ադրբեջանը դա չի ցանկանում: Իսկ այսօր այս խնդրի շուրջ ընթացող պրոցեսներում ամեն բան որոշում է հենց Ադրբեջանը: Որոշում է ուղղակի ու նաեւ անուղղակի՝ միջնորդավորված՝ սակայն խիստ արդյունավետ ճնշում բանեցնելով ոչ միայն միջնորդ կողմերի, այլեւ Հայաստանի վրա: Իսկ, ընդհանրապես, բանակցային պրոցեսից Հայաստանը չի կարող շահող դուրս գալ, գոնե այնպիսի բանակցային պրոցեսից, ինչպիսին վարվում է դեռեւս ասորագետ նախագահի օրերից: Անհրաժեշտ է դուրս գալ բանակցային գործընթացից, միացնել Արցախն իր ազատագրված եւ մեր պատմական հայրենիք հանդիսացող բոլոր տարածքների հետ միասին Հայաստանի Հանրապետությանը եւ բանակցել Ադրբեջանի հետ Նախիջեւանի եւ, այսպես կոչված, Դաշտային Ղարաբաղի ու հայկական, Ադրբեջանի կողմից օկուպացված այլ տարածքների կարգավիճակի մասին: Իսկ եթե կլինեն այնպիսիք, որ կասեն, թե դա երաշխավորված ճանապարհ է դեպի պատերազմ, ապա թող ցույց տան այլ ուղի, որ այդ պատերազմը առավել երաշխավորված եւ առավել կորստաբեր չի լինի: Գոնե այս պահին մենք խաղաղ ու հանդարտ ընթանում ենք դեպի հենց այդպիսի մի պատերազմ, որտեղ նման մտածելակերպով եւ մոտեցումներով մեր ձախողումն ուղղակի երաշխավորված է: Անհրաժեշտ է բոլորովին նոր մոտեցումներ որդեգրել եւ հրաժարվել լռելյայն դիվանագիտություն վարելու գծից: Ազգային ճակատագիրը գաղտնի եւ լուռ չեն որոշում:
զրուցեց Արփինե Թովմասյանը