Ո՞ՒՐ Է ՎՃՌԱԿԱՆՆԵՐԻ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում էր, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո առնվազն արեւմտամետի համարում ունեցող քաղաքական ուժերը պետք է դիմեին ակտիվ, վճռական գործողությունների` ժողովրդին դուրս հանելով փողոց: Առավել եւս, երբ, բացի քաղաքական իրավիճակից, իշխանությունների դեմ վճռական պայքար ծավալելու համար կան նաեւ այլ գործոններ, մասնավորապես սոցիալ-տնտեսական վիճակի օրեցօր վատթարացումն ու ժողովրդի դժգոհության ավելացումը:
Սակայն Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից մեկ ամիս անց պետք է արձանագրել հետեւյալը` բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության՝ սեպտեմբերի 20-ի հանրահավաքի, որին մասնակցում էր նաեւ խորհրդային տարիների այլախոհ գործիչ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, այս ընթացքում պայքարի որեւէ նշույլ չնկատվեց: Իսկ «Ժառանգության» հանրահավաքը եղավ առաջինն ու վերջինը, այն էլ` Ս.Սարգսյանի հայտարարություններից երկու շաբաթ անց միայն, իսկ հանրահավաքի մասնակիցների թիվը չէր հասնում հազարի: Փոխարենը Սերժ Սարգսյանի հայտարարությանն անմիջապես հաջորդող օրերին նախագահականի մոտ բողոքի ակցիաներ էին կազմակերպում քաղաքացիական ակտիվիստ երիտասարդները: Ասել է թե՝ կուսակցությունները, որոնք պետք է լինեին առաջամարտիկի դերում, պարզապես լռում են:
Արեւմտյան արժեքների կողմնակից այդ կուսակցությունների լռությունը ցայտուն նկատելի է հատկապես մեկ այլ փաստի համատեքստում. ժամանակին այդ կուսակցություններից շատերը` «Հանրապետություն»-ը, նաեւ ՀՀՇ-ից հեռացած խումբը, որի մի մասը ձեւավորեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, իսկ մյուս մասը հիմա փորձում է նոր ՀՀՇ վերակազմավորել, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը լքեցին` ՀԱԿ առաջնորդներին մեղադրելով պասիվության, վճռական գործողությունների չգնալու մեջ: Ու հիմա ստացվում է, որ վճռական գործողությունների ամենահարմար պահին ուրիշներին անվճռականության մեջ մեղադրողներն իրենք փողոց դուրս չեն գալիս:
Երեկ, օրինակ, նոր ՀՀՇ-ի նախաձեռնող խմբի անդամներից Արարատ Զուրաբյանը թեեւ հայտարարեց, որ Ս.Սարգսյանի հայտարարություններին ընդդիմադիր դաշտը համարժեք արձագանք չտվեց: «Այն, որ ընդդիմությունը չարձագանքեց, լուրջ հարված է, համաձայն եմ, եւ հետեւանք է ընդդիմության գործունեության, որը, փաստորեն, վերջին տարիներին իր ջանքերը կենտրոնացրել է ոչ այն ուղղությամբ: Ընդդիմության մեծ մասը պրոռուսական ուժեր են, դրա համար էլ արձանագրվում են նման իրողություններ»,-հայտարարել է նա` հավելելով, որ հիմա իրենք որոշ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ են անցկացնում նաեւ այդ խնդրի շուրջ, բացի այդ՝ կուսակցություն դառնալուց հետո փորձելու են լրացնել մատնանշված բացը:
«Հանրապետություն» կուսակցությունից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. այս կուսակցության անդամները կամ չէին պատասխանում հեռախոսազանգերին, կամ էլ հրաժարվում էին մեկնաբանություններ տալուց: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ԱԴԿ-ն չի մասնակցում իմիտացիոն գործընթացներին եւ իմիտացիոն համախմբումներին: «Պետք է իրատես լինել եւ գնահատելով ներկա իրավիճակը` հասկանալ, որ այս խնդրում միայն բողոքի ակցիաներով եւ հանրահավաքներով, ցավոք, արդյունքի հասնել հնարավոր չէ, եւ այստեղ ավելի համալիր ու հետեւողական քաղաքական պայքար է պետք իրականացնել»,-ակտիվ գործողությունների չդիմելու փաստը մեկնաբանեց նա:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ իրենք իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են գործունեություն ծավալել. «Մենք հանրահավաք արեցինք անկախության օրակարգով, անընդհատ խոսում ենք դրա մասին: Մենք մեր հնարավորությունների սահմաններում գործում ենք»: Սակայն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ իրենք իրենց քայլերը բավարար կհամարեն, երբ առարկայական արդյունք տեսնեն: Միաժամանակ նա շեշտեց, որ ժողովուրդն էլ իր հերթին ակտիվություն չի ցուցաբերում ոչ միայն այս, այլ նաեւ մյուս հարցերի կապակցությամբ. «Պասիվությունը, նիհիլիզմը մի փոքր ավելի է: Միգուցե ձմռանից հետո, երբ հասկանան, որ սոցիալական խնդիրները կապված են կառավարման խնդիրների հետ, որոշակի տեղաշարժեր լինեն»:
Նկատենք` անգործությունը կամ ցանկացած գործողություն արդարացնելու համար միշտ էլ կարելի է բերել պատրվակներ: Այլ հարց, թե որքանով են այդ պատրվակներն ու արդարացումները հիմնավոր:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս