ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆԼՈՒՐՋ ԷՐ
«Երբ երկրում դադարում է լուրջ ընդդիմություն գոյություն ունենալ, երկիրը ծանր վիճակում է հայտնվում»,-երեկ հրավիրած ասուլիսում ասել է վերակազմավորվող ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանը: Որպես օրինակ՝ նա բերել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածության քվեարկությունը. «Դրանից ավելի ծանր դեպք պատկերացնել հնարավոր չէ: Ես շատ նորմալ կգնահատեի, եթե որոշում կայացվեր, ասեին՝ կողմ ենք քվեարկում, բայց երբ հայտարարում են, որ դեմ են, յուրաքանչյուրը մտածում է, որ ինչ-որ «դեմ»-եր կլինեն, եւ չի երեւա՝ ինքը ոնց է քվեարկել. դա մի քիչ անլուրջ է»:

Ի՞ՆՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻԾ, Ի՞ՆՉ ԲԱՆ
ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը NEWS.am-ին ասել է, որ եթե Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս նշանակվելու վերաբերյալ իրեն առաջարկ լինի, ապա ինքը կմտածի այդ ուղղությամբ: Նա նշել է, թե իր համար ընդունելի կլինի այդ առաջարկը, քանի որ տասը տարի աշխատել է ՀԱՊԿ-ում: Դիտարկմանը, թե իշխանությունից պաշտոններ ստանալն արդյոք վատ չի ազդի «Դաշնակցության» քաղաքական գծի վրա, Կարապետյանն արձագանքել է, թե ինքը ՀՅԴ ոչ մի մարմին չի ներկայացնում, շարքային դաշնակցական է եւ չի կարծում, որ լիազորված է ՀՅԴ-ի անունից մեկնաբանություններ տալ:

ՄԻ ԿԱՏՈՒ ԷԼ ՉՈՒՆԵՐ
«Սարսափազդուն այն է, որ սոված երկրի նախագահը 70 միլիոն եվրո կարող է այս կողմ-այն կողմ անել,-անդրադառնալով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցադրմանը` երեկ ասել է Գուրգեն Եղիազարյանը,-երբ Սերժ Սարգսյանը եկավ Հայաստան, սեփական կատու չուներ, հիմա խոսում ենք 70 միլիոն եվրոյի մասին: Դրա համար էլ հարց է մնում՝ որտեղ են մեր հանքերը»: Գ. Եղիազարյանի կարծիքով` Զ. Փոստանջյանի հարցը Եվրոպայի արձագանքն էր Մաքսային միություն մտնելու Ս. Սարգսյանի որոշմանը:

ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ ԳԻՏԻ
Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, դիմելով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, նրա ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ համայնքապետերը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում հանքարդյունաբերողների համար. «Բավական է որեւէ համայնքի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ սկսվեն, այդ համայնքի ղեկավարները պարտադիր «փայ են» մտնում հանք շահագործողների հետ: Հենց համայնքի ղեկավարը կասկածում է, որ համայնքի սահմաններում օգտակար հանածո կա, այդ հողերի սեփականության իրավունքը փոխում է կամ տրամադրում է երկարաժամկետ վարձակալության: Նույնիսկ Հայաստանի խոշորագույն հանքավայրի՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնումը ներկայում հնարավոր չէ, քանի որ «կողքի գյուղը» թույլ չի տալիս»,-ասել է հանքատեր պատգամավորը:

ՄԵՔՍԻԿ ԴԵՍՊԱՆԸ
Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոն: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ցանկություն ունի զարգացնել Մեքսիկայի հետ հարաբերությունները, եւ դրա լավագույն վկայությունն է Մեքսիկայում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն հիմնելու մտադրությունը:




Լրահոս