ԻՆՉՊԵՍ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻՑ ՈՒ ԴԵՂԵՐԻՑ ՏՆԿՎՈՒՄ ՄԱՐԴՈՒ ՈՏՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ բավականին հումորային պահերով ընթացավ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի եւ Վարուժան Սաֆթալյանի դեմ քրեական գործով դատաքննությունը:
Ո՞րն էր նախկին հեղափոխական Արկադի Վարդանյանի մեղքը: Ըստ դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Արսեն Ավետյանը, իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իր առանձնատան հաշվառումից հանել է իրեն ու որդուն, ծրագրել է սպանել հորը: Եվ որքան էլ տարօրինակ է, այդ հարցում նա համաձայնության է եկել ո՛չ ավել, ո՛չ պակաս քաղաքագետ Արկադի Վարդանյանի հետ: Վերջինս էլ նրան առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը: Սակայն ընտրությունը, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերով ծնողին թույնելու առաջարկի վրա, որն արել է որդին՝ Արսենը՝ լավ իմանալով, որ հայրը մշտապես հանքային ջուր է խմում, ինչի մեջ էլ կարելի է լուծել թույնը՝ «Ազալեպտին» տեսակի հոգեմետ դեղը: Այսպիսով՝ Արկադի Վարդանյանի մեղքն այս գործում այն է, որ նա Արսեն Ավետյանի ընկերն է: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն ստացվեց երեկվա կրկեսային ներկայացում հիշեցնող դատական նիստից: Իսկ թե ինչպես է ԱԱԾ-ն բացահայտել նրա մեղքը, դեռ պարզ չէ:
Երեկ այս գործով դատական նիստը սկսվեց վկաների հարցաքննությամբ: Առաջին վկան Էդուարդ Ասատրյանն էր, որի հարցաքննությունն ուղեկցվեց զվարճալի պահերով: Այս վկան հենց այն մարդն էր, ում միջոցով տաքսու վարորդ Վարուժան Սաֆթալյանն «Ազալեպտին» տեսակի հոգեմետ դեղամիջոց էր ձեռք բերել, տվել Արսենին, որպեսզի նա թունավորեր հորը: Վկան պատմեց, որ Վարուժանի հետ ծանոթացել է Սարյանի այգում, որտեղ ինքը հաճախ է լինում, եւ խնդրել է իրեն համբուրգեր ու գարեջուր հյուրասիրել: Նրա խոսքով` Վարուժանն իրեն հյուրասիրելուց հետո անգամ համաձայնել է 500 դրամով տանել 3-րդ մաս: Իսկ ճանապարհին, երբ դեղը հանել է, որ խմի, վարորդը հարցրել է, թե ինչ դեղ է, ինքն էլ պատասխանել է, որ քնաբեր է, հոգեմետ դեղ, որից հետո Վարուժանն իրենից խնդրել է դեղը (երեք հաբ)` փոխարենն առաջարկելով անվճար տեղ հասցնել:
Դատախազի հարցին, թե ինչ ազդեցություն է թողնում այդ դեղը մարդու վրա, վկան պատասխանեց. «Ոտերդ տնկվում են, ու քնում ես, հիմա էլ եմ խմել, վրայից էլ գարեջուր եմ խմել ու եկել եմ ստեղ»:
Հարցաքննության ընթացքում պարզվեց, որ Էդուարդ Ասատրյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ էական տարբերություն կա, ինչը վկա Ասատրյանը բացատրեց հետեւյալ կերպ. «Քննիչներն ինչ թելադրել են, էն էլ գրել եմ»: Սակայն հետո հերքեց իր իսկ ասածը՝ նշելով, թե գրածները ճիշտ են: Ավելի ուշ դատավորին ասաց, թե որն ուզում եք, այն էլ հիմք ընդունեք: Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանի հարցերը, ի վերջո, նյարդայնացրին վկային, եւ նա ափերից դուրս եկավ. «Արա՛, ի՞նչ ես ուզում ասեմ, ասա՛, սիկտիրս քաշեմ, գնամ»: Այս խոսքերի վրա դատարանում մեծ աղմուկ բարձրացավ: Նախագահող դատավորը ստիպված եղավ վկային հիշեցնել, որ նա գտնվում է դատական նիստերի դահլիճում՝ հորդորելով ավելի կոռեկտ գտնվել:
Այսքանով ավարտվեց Էդուարդ Ասատրյանի հարցաքննությունը: Հարցաքննվեցին նաեւ վկաներ Ռուդոլֆ Գաբրիելյանը եւ Սամվել Քոչինյանը, որոնք քաղաքագետ Արկադի Վարդանյանի ընկերներն էին: Ըստ նրանց՝ Ա. Վարդանյանն իրենցից փորձել էր դեղի մասին տեղեկություն իմանալ, սակայն իրենք ոչնչով չէին կարողացել օգնել նրան, քանի որ որեւէ գաղափար չեն ունեցել այդ դեղի մասին:
Օրվա վերջում էլ հերթը հասավ տուժող 78-ամյա Ռոբերտ Ավետյանին, որին հարազատ տղան պետք է թույներ: Նա դատարանում ասաց, որ որդու մտադրությունն իր համար անսպասելի է եղել, թեեւ ինչպես շատ ընտանիքներում, իրենք էլ հաշտ չեն ապրել: Ավելին, իր ու որդու մեջ հաճախ են վեճեր եղել. «Արսենն ամեն օր կոմպյուտերի դիմաց էր, ֆուտբոլ էր նայում, քննարկում, ինձ համար նրա ապրած կյանքը հիմարություն էր, ու ես որոշեցի նրան ու թոռնիկիս պատժել՝ գրանցումից հանելով»:
Տուժողն ասաց, որ չի ճանաչում Արկադի Վարդանյանին: Միայն գիտի, որ իր որդին շատ մտերիմ է եղել նրա հետ, ու «նրանք շատ են ֆուտբոլի մասին խոսել»: Երբ դատարանում Ռոբերտ Ավետյանը հարց ուղղեց որդուն, թե Արսե՛ն, այս ի՞նչ արեցիր դու, տղան պատասխանեց՝ «ես չեմ արել, այլ նա է արել»՝ ցույց տալով մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանին: Դատախազի պահվածքն այստեղ առանձնապես չտարբերվեց փողոցայինի պահվածքից եւ տեղից ծամածռվելով՝ նետեց. «Յա՜»: Պայթյունավտանգ իրավիճակը փրկեց դատավոր Արշակ Վարդանյանը՝ կողմերին խաղաղեցնելով: Այսօրինակ միջադեպեր դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազի եւ Արսեն Ավետյանի պաշտպան Գեւորգ Մելքոնյանի միջեւ հաճախ տեղի ունեցան, ինչի պատճառով դատավորը ստիպված հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, ինքը կանցնի պատժի կիրառման:
Այսպիսով՝ քաղաքականության մեջ սեզոնային բնույթի ակտիվություն ցուցաբերող քաղաքագետ Արկադի Վարդանյանին մեղսագրվող արարքի տրամաբանությունն ու շարժառիթները դեռ չեն ուրվագծվում: Համենայնդեպս, դատական երկրորդ նիստի ժամանակ էլ չպարզվեց, թե ինչու կալանավորվեց Վարդանյանը: Ու դատելով մեղադրող դատախազ Ա. Ամիրզադյանի ներկայությունից եւ փխրուն մեղադրանքն ամեն գնով պաշտպանելու նրա անհագուրդ ցանկությունից՝ կարելի է եզրակացնել, որ Վարդանյանը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով:
Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 11-ին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս