Սերժ եւ Տիգրան Սարգսյանների պաշտոնավարման օրոք նույնիսկ իշխանական շատ գործիչներ կարճ ժամանակամիջոցում հասկացան, որ նրանք պարզապես ունակ չեն կառավարել: Սարգսյանների համար առաջնայինը շոուն է, իսկ գործը համարվում է ընդամենը բաղադրիչ:
Մեծ թատրոնի էր նման նաեւ երեկ հրավիրված ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Բոլոր նախարարները վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով ու գլխավորությամբ հագել էին «կամուֆլյաժները»՝ ցուցադրելով իրենց «առնական կեցվածքը» եւ մեր ոսոխին ջախջախելու կուռ պատրաստակամությունը (խոսքը, բնականաբար, Հրանուշ Հակոբյանին ու Հասմիկ Պողոսյանին չի վերաբերվում, թեեւ նրանք էլ էին զինվորական համազգեստով): Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ««Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Վարչապետը ներկայացրել է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից ու կարգադրություններից»:
Թե ինչ կամ ում էր փորձում ցույց տալ ՀՀ վարչապետը, դժվար է իրականում հասկանալ, բայց որ կառավարության նիստը բացառապես ծիծաղ առաջացրեց հասարակության լայն շերտերի մոտ, դա աներկբա է՝ հաշվի առնելով թեկուզ այն բոլոր մեկնաբանությունները, որոնք հնչեցին «համազգեստավոր» այդ նիստից հետո: Բայց այստեղ կարեւոր է նաեւ մեկ այլ հանգամանք. երեկվա նիստին զինվորականի իմիջի մեջ էին մտել պաշտոնյաներ, որոնք իրենց երիտասարդ տարիներին ամեն գնով խուսափել են բանակում ծառայելուց: Ու այդ ֆոնին առնվազն զավեշտալի էր զինվորական համազգեստով տեսնել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որը, ըստ էության, չի ծառայել, այլ ընդամենը 2000-2003թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ: Նրան, ի դեպ, 2010-ի ամռանը մի շարք լրատվամիջոցներ մեղադրեցին ԱՄՆ գործակալ լինելու մեջ:
Նույնքան զավեշտալի էր զինվորական համազգեստով տեսնել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը եւս չի ծառայել բանակում, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին: Բանակում չեն ծառայել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ, իհարկե, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ի դեպ, որոշ պաշտոնյաներ երեկ նաեւ կրակել «սովորեցին»: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Ու այս ամենը տեղի է ունենում պաշտոնապես 35% աղքատություն ունեցող երկրում:
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ «ԲԱՆԱԿ ԷԻՆ ՏԱՐԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ