ԽՆԴԻՐ ԽՆԴՐԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակչուհի Լաուրա Ավետիսյանի ընտանիքն ավերիչ երկրաշարժի հետեւանքով զրկվել է բնակարանից: Եվ արդեն 25 տարի է, ինչ 9 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է վագոն-տնակում: Ինչպես պատմում է տանտիկինը, 2008թ. ընդգրկվել են բնակարանաշինության ծրագրում, սակայն նրանց ոգեւորությունը կարճ է տեւել: Չգիտեն էլ, թե ինչ հանգամանքներում եւ ինչպես դուրս են մնացել ցանկից: Վերջիններիս ժամանակին պարզաբանել են, թե 2008թ. ընդունվել է ինչ-որ օրենք, որի համաձայն՝ նրանց տուն չի հասնում: Հուսախաբված ընտանիքը դիմել է քաղաքապետարան, մարզպետարան, դատարան: Ի վերջո, հարցը լուծում է ստացել, եւ ընտանիքը կրկին ընդգրկվել է բնակարանաշինական ծրագրում:
Տիկին Լաուրայի ընտանիքի նման հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք արդեն 25 տարի է` սպասում են իրենց հերթին: Այս ընթացքում շատերը մահանում են` այդպես էլ չտեսնելով այն երջանիկ օրը, երբ կարթնանան նորմալ սենյակում եւ ոչ թե խոնավ ու կիսաքանդ վագոն-տնակում:
Բնակարանաշինության պետական ծրագրի հաղթող ճանաչված «Գլենդել հիլզ» ընկերության պատասխանատուներին, սակայն, այդ մարդկանց ճակատագրերը շատ չեն հուզում: Ընկերությունը ձմռան ամիսներին դադարեցրել էր աշխատանքները ապրիլին վերսկսելու նպատակով: Ըստ հանրապետության նախագահի տված հանձնարարականի` երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը պետք է ավարտվի մինչեւ տարեվերջ, սակայն շինարարական աշխատանքների տեմպերը դանդաղ են առաջ շարժվում: Եվ մինչ շինարարներն այս տեմպերով կաշխատեն, տիկին Լաուրայի ընտանիքն այս ձմեռն էլ կանցկացնի վագոն-տնակի խոնավ պատերի ներսում՝ անձրեւաջրերի ու որդերի հարեւանությամբ. «9 անձ ենք, 25 տարի է՝ ապրում ենք էս դոմիկում: Մինչեւ հիմա էլ ոչ մի օգնություն չենք ստացել: Անձրեւը գալիս թափվում ա, որդերն էլ պատերից են թափվում: Մի տղես, տեսնելով, որ դոմիկի մեջ տեղ չկա, հնարավորություն չկա ապրելու, արդեն 8 տարի է՝ գնացել է Ռուսաստան ու չի գալիս»:
Լաուրա Ավետիսյանի ընտանիքի օրինակով կարելի է եւս մի խնդիր վեր հանել: 1988 թվականին, երբ աղետի գոտու բնակիչները կորցրել են իրենց բնակարանները, այնտեղ ապրող երեխաները եղել են անչափահաս, մինչդեռ հիմա նրանք 25-35 տարեկան են եւ արդեն շահառու չեն: Նրանց առջեւ կրկին ծառանում է բնակարան ունենալու բաղձալի, բայց մեր երկրի պայմաններում դժվար իրագործելի երազանքը:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս