ԶԲԱՂՎՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀՈՒՍԱԴՐԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգահան, հեղինակ-կատարող ԱԶԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ կհիշեն շատերը: Նրա «Ծաղիկներ», «Սյուզի», «Հին իմ Երեւան» երգերը մեծ հետաքրքրություն էին առաջացնում ունկնդրի մոտ: Ինչո՞վ է հիմա զբաղվում նա եւ ինչո՞ւ հեռացավ երգարվեստից. այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները ստացանք հենց իրենից:
-2008թ. իմ վերջին մենահամերգից հետո ես մի տեսակ մեկուսացա: Տարբեր պատճառներ կային՝ սկսած այսօր տիրող մթնոլորտից, մեր բնագավառը ներկայացնող մարդկանց վերաբերմունքից, նրանց փոփոխական պահվածքից…
-Ձեր առաջ հաճա՞խ են դռներ փակվել:
-Իմ առջեւ միշտ են դռներ փակվել` սկսած խորհրդային տարիներից: Բայց ես խոնարհվողներից, շողոքորթողներից չեմ, որ հաճոյանամ ինչ-որ մարդկանց: Ծնվել մեծացել եմ արվեստագետի ընտանիքում, հայրս գրողների միության անդամ, ՍՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, բանաստեղծ Լեւոն Աբրահամյանն էր, դաստիարակվել եմ այլ արժեքներով:
Ես որեւիցե մեկից չեմ բողոքում, ոչ էլ իմ ճակատագրից, ընդամենը կարող եմ ցավով արձանագրել, որ այս երկրում դու քեզ պիտանի չես զգում՝ ունենալով ճանապարհ, փորձ… 35 տարվա ստեղծագործական ուղի եմ անցել, բայց հիմա լռում եմ: Գիտե՞ք, շատ խոհեմ, խելացի ու գիտակ մարդկանց մոտ է հաճախ մեկուսացում լինում: Այդ մարդիկ փխրուն էություն ունեն, եւ երբ արհամարհվում է նրանց փորձն ու պիտանելիությունը, նրանք երեխայի պես նեղանում ու մեկուսանում են: Ըստ իս, մեզանում այդպիսի մարդկանց հանդեպ անտարբերությունն ու արհամարհանքը հատուկ մշակված ծրագիր է… Բարձր արժեքներ դավանող եւ գիտեցող մարդիկ թողեցին հեռացան այս երկրից: Ես չեմ ուզում Հայաստանում մնացած որեւէ մեկին վիրավորել, բայց, եղբա՛յր, ամեն ինչ ինքնին խոսուն է, դա ես չպիտի ասեմ, որ տեսանելի լինի: Բոլորն են տեսնում, թե ինչ է կատարվում երաժշտական ոլորտում:
Ափսոսում եմ միայն, որ այդքան երգերիցս ու գրվածքներիցս ընդամենը մի չնչին մասը կարողացա ներկայացնել: Ժամանակները բարյացակամ չեղան իմ հանդեպ, ինչպես եւ որոշ մարդիկ… Իմ առաջին՝ «Ծաղիկներ» տեսահոլովակը նկարել եմ 45 տարեկան հասակում, եւ այդ ժամանակ որեւէ մեկը չգիտեր, թե ես քանի տարեկան եմ, ու շատերին թվում էր, թե ես օդից եկա ընկա այս ասպարեզ, այն դեպքում, երբ բեմական 25-ամյակ էի նշում:
-Ձեր երգերից ամենահայտնին «Ծաղիկներ»-ն է, որը Տիգրան Կարապետիչը սեփականաշնորհել էր, նախքան կատարելը գոնե թույլտվություն խնդրե՞լ էր:
-Ես այս մասին տարիներ առաջ խոսել եմ, հիմա էլ կասեմ: 1998թ.-ին ձայնասկավառակներ արտադրող կազմակերպություններից մեկը վաճառքի հանեց հավաքական համերգի մի ձայներիզ, որում ընդգրկված էին նաեւ իմ երկու կատարումները: Մեկը հենց «Ծաղիկներ» երգն էր: Անփութորեն, արտադրող կազմակերպության կողմից թույլ էր տրվել կոպիտ սխալ. իմ ազգանվան` Աբրահամյանի փոխարեն ձայնասկավառակի պաստառի վրա գրվել էր Գասպարյան ազգանունը: Ինձ հասած տեղեկությամբ՝ հենց դա է եղել թյուրիմացության պատճառ: Երբ ինձ սկսեցին զանգահարել իմ ծանոթներն ու տեղեկացնել, որ երգը ներկայացվում է Տիգրան Կարապետիչի կողմից՝ առանց նշելու հեղինակի անունը, ես կապ հաստատեցի նրա հետ ու տեղյակ պահեցի, որ հեղինակային իրավունք է խախտվում, որ ես պատրաստվում եմ դիմել դատարան: Բայց մի քանի պարզաբանումներից հետո պարզ դարձավ, որ ձայներիզն արտադրած կազմակերպության թույլ տված սխալն է եղել թյուրիմացության պատճառը: Նա թույլտվություն խնդրեց երգը հետագայում էլ ներկայացնելու՝ պայմանով, որ մշտապես կնշի հեղինակի անունը, ես էլ սիրով համաձայնեցի: Այդ խոսակցությունից հետո՝ ամեն անգամ երգը կատարելիս, նա միշտ նշել է իմ անունը՝ որպես երգի հեղինակի: Իսկ ահա իմ «Ծաղիկներ» տեսահոլովակը դուրս եկավ 2005թ.-ին:
-Հիմա որպես կատարող լռում եք, ինչ-որ բան չե՞ք պատրաստվում ձեռնարկել:
-Տարիքս փոքր չէ, մի ամբողջ կյանք եմ ապրել ու չեմ պատրաստվում գնալ, որեւէ թափթփուկի խնդրել, թե ես ունեմ հնարավորություններ, թո՛ւյլ տվեք օգտակար լինել… Իմ գրվածքներից տեղադրում եմ «Ֆեյսբուք»-ում, ում ցանկալի է, կարդում, տեղեկանում է… Ցավոք, այսօրվա երիտասարդության զգալի հատվածը, մեղմ ասած, չի ճանաչում բարձր արժեքներ, որովհետեւ սնվում է անորակ երաժշտությամբ, հեռու է մեր մեծերի արվեստից, ու մեր մշակույթը խիստ անկում է ապրում: Նայե՛ք, տեսե՛ք՝ ինչ արժեքներ են փոխանցվում: Ինչո՞ւ պիտի իմ երեխան այդ ամենը տեսնի, երբ մշտապես ինձանից բարձր արժեքների դաստիարակություն է ստացել: Ո՞ւր է տանում այս դեգրադացիան, համատարած զոմբիացումը, ո՞ւր… դեպի կործանում: Մենք կորցնելու ենք մեր ինքնությունը, մեր ազգային արժեքները, եթե, իհարկե, դեռ չենք կորցրել: Վերջը ժողովուրդը պե՞տք է հասկանա, որ այսպես շարունակել այլեւս հնարավոր չէ:
-Հիմա ինչո՞վ եք զբաղվում:
-Գրում եմ… Ուզում եմ ավարտին հասցնել մի աշխատություն, որ վերնագրել եմ «Ապրածիս կանչով»: Այս պահին ավելին ասել չեմ ուզում: Երբ պատրաստ լինեմ, սիրով կներկայացնեմ ընթերցողին: Փորձում եմ գոյատեւել, ինչպես բոլորը: Երբեմն հանդիսությունների մասնակցելու հրավերներ եմ ստանում: Ինչ-որ չափով օգնում է: Պարզապես չկա ցանկալին: Բեմահարթակն այսօր ինձ նման մարդկանց չի պատկանում… Զբաղվում եմ ինքս ինձ հուսադրելով:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս