«ՏՈՆ, ՈՐ ՄԻՇՏ ԻՆՁ ՀԵՏ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի ծննդյան օրն էր։ «Ժողովուրդ»-ը նախ շնորհավորեց դերասանուհուն, ապա մի քանի հարց ուղղեց։
-Ծննդյան օրը յուրահատուկ հաշվետվություն տալի՞ս եք ինքներդ Ձեզ։
-Ոչ թե ամեն Նոր տարի, այլ իմ ծննդյան օրն ինձ համար վերջանում է մի շրջան, եւ սկսվում ավելի հետաքրքիր շրջան, երբ ինչ էլ անես, իմաստավորում ես արածդ, հենց այնպես ոչինչ չես անում։
-Այսինքն՝ ոչ այնքան տոն է, որքան ինչ-որ մի կետ, որտեղից սկսվում է մի նոր հաշվետու շրջա՞ն։
-Իմ կյանքը տոն է, որ միշտ ինձ հետ է (ծիծաղում է-Ռ. Թ.)… Ուղղակի այս օրն ավելի շատ եմ ուշադրության արժանանում, սիրո խոսքեր լսում։
-Նվերներին ինչպե՞ս եք վերաբերում։
-Երբ ասում են՝ նվիրում եմ իմ սերը, հավատարմությունը, բարկանում եմ։ Դա պետք է լինի, դա պետք չէ նվիրել։ Ինձ միշտ պետք է լավ բան նվիրեն, որովհետեւ ինքս էլ միշտ շատ լավ բան եմ նվիրում։ Ամուսինս էլ է միշտ այդպես վարվում, ու ամեն անգամ, երբ կրում, օգտագործում եմ այն, ասում եմ՝ սա ամուսնուս նվերն է։ Նվերը պետք է լինի առարկայական, որպեսզի լավ հուշեր արթնացնի։
-Ինչպե՞ս եք սովորաբար նշում ծննդյան օրը։
-Իմ ծննդյան օրն անակնկալ է, ինձ նման է. ես ինչպիսի ոչ ադեկվատ բաներ կարող եմ անել, նույնն էլ իմ ծնունդն է։ Ես արդեն տանը չեմ նշում, այդ ավանդույթը փոխվել է, որովհետեւ տանը պարզապես մատակարարում ես մնացածներին, ովքեր եկել են քեզ շնորհավորելու։ Այս անգամ կնշենք մեծ շրջապատով, իսկ մի քսան օր հետո ամուսնուս ծննդյան օրն է, եւ մենք կհավաքվենք ու հայավարի քեֆ կանենք։
-ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին այսօր ոմանք քննադատում, ոմանք պաշտպանում են։ Դուք ինչպե՞ս կգնահատեք նրա պահվածքը` որպես կին։
-Նայելով նրա դեմքին եւ շարժումներին՝ ոչ մի անվայել բան չեմ տեսել։ Ոմանք անվայել են համարում նրա ասածը, բայց ես քաղաքականությունից շատ հեռու եմ, ուստի չեմ կարող գնահատական տալ՝ ինչու այդպես վարվեց։ Քաղաքականությունն այն դաշտն է, որ կարող են ասել մի բան, բայց դա ուրիշ բան նշանակի, ուրիշ խաղեր լինեն։ Ես տեսնում եմ հետեւանքը, բայց չեմ հասկանում՝ ինչու է այդպես կատարվում, եւ իմ գնահատականը լիարժեք չի կարող լինել։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս