ՈՒՌՃԱՑՎԱԾ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Ռուսաստանաբնակ հայազգի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի արտահայտությունները ուկրաինական «Ինչպես 2 կաթիլ» հեռուստանախագծի շրջանակներում խոսակցությունների տեղիք են տվել: Նախագծի ձեւաչափն այնպիսին է, որ մասնակիցները պետք է կրկնօրինակեն համաշխարհային մեծության երգիչներին՝ նրանց արտաքինը, շարժուձեւն ու ձայնը: Հաղորդման ժամանակ մասնակիցներից մեկը՝ Եվա Բուշմինան, ներկայացել է Շերի կերպարով՝ կատարելով նրա ճանաչված հիթերից մեկը՝ Believe-ը: Ու քանի որ վերը նշված նախագծի ժյուրիի կազմում է նաեւ Գարիկ Մարտիրոսյանը, Եվայի ելույթից հետո նա գնահատել է մասնակցի կատարումն ու ասել, որ անկախ Բուշմինայի կատարումից, ինչպես Շերի ողջ ստեղծագործական կյանքը, այնպես էլ մասնակցի ներկայացրած կերպարն իր համար դատարկություն են: «Եկե՛ք հիշենք Շերին. ո՞վ է նա: Իրականում ոչ ոք: Պարզապես ճանաչված երգչուհի, ում անհնար է համեմատել, օրինակ, Էլլա Ֆիցջերալդի, Մայքլ Ջեքսոնի, Մադոննայի հետ»,-ասել է Մարտիրոսյանը: Նրա խոսքն ընդհատել է նախագծի հաղորդավարը՝ հիշեցնելով ժյուրիի անդամին Շերի հայկական ծագման ու Սարգսյան ազգանվան մասին: Այնուհանդերձ, Մարտիրոսյանը գովել է Բուշմինային՝ ասելով, որ վերջինս կարողացել է «դատարկ» Շերից վառ կերպար ստանալ:
ՏԱՐԵԴԱՐՁ
Երեկ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի ծննդյան օրն էր: Դերասանը ծնվել է 1952թ. Երեւանում: Խաղացել է ավելի քան 100 դերեր տարբեր թատրոններում, բեմադրել է մոտ 40 ներկայացում, նկարահանվել մոտ 50 ֆիլմերում, խաղացել ավելի քան 60 հեռուստաներկայացումներում: Երեք տարի շարունակ եղել է «Էրեբունի-Երեւան» տոնակատարության գլխավոր բեմադրիչը: Գրել եւ բեմականացրել է ավելի քան 10 պիես: Նրա սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ եւ մեկ լիամետրաժ ֆիլմ: