ՀԱՐՑ. Անձն ի ծնե արատ ունի եւ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել ու շարժել վերջույթները (ձեռքերը): Բայց անհրաժեշտ է կատարել նոտարական գործարք՝ կտակ: Այս դեպքում նա ինչպե՞ս վարվի: Նրա հարազատները որեւէ կերպ կարո՞ղ են միջամտել, քանի որ նա չի կարողանում ստորագրել իր կողմից նոտարին ներկայացված կտակը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սիրարփի Արոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե անձը ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, նրա ու նոտարի ներկայությամբ փաստաթուղթը կարող է ստորագրել այլ անձ: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը՝ նշելով այն պատճառները, որոնց ուժով փաստաթուղթը չէր կարող ստորագրել նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ նման դեպքերի համար սահմանված են որոշակի բացառություններ նոտարական գործողությունները ավարտին հասցնելու համար: Հիշենք, որ կառավարության 2011թ. հունիսի 2-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նոտարական գրասենյակների աշխատանքներին. «Կառավարության որոշմամբ սահմանվել էր ծառայությունների գների որոշակի միջավայր, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր նոտարները ծառայությունները մատուցում են առավելագույն գներով»: Իսկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ կլինեն փոփոխություններ, որից հետո 40-50%-ով պետք է նվազեն նոտարական ծառայությունների գները. «Այժմ նոտարական ծառայություն ստացող անձը կարող է տեսնել, թե որ գործողության համար ինչ է գանձվում»: Բայց, ինչպես տեսնում ենք, «սայլը տեղից չի շարժվել»: Իսկ հերթերի եւ քաշքշուկների մասին թերեւս ավելորդ է խոսել: