ՀԱՐՑ. Ինչպիսի՞ ծառայություններ են գործում պլանային վիրահատությունների փոխհատուցման համար: Այսինքն՝ եթե անձը մինչեւ ապահովագրվելն ունեցել է սուր ինֆարկտ, եւ հիմա ցանկանում է օգտվել ապահովագրական ծառայությունից, որպեսզի մոտակայում կատարվելիք շունտավորման վիրահատությունը մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցի տվյալ ապահովագրական ընկերությունը: Նման ծառայություն կա՞:
ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես կանոն, ապահովագրական պատահար են համարվում այն դեպքերը, որոնք իրենց բնույթով անսպասելի են, հանկարծակի եւ անկանխատեսելի: Բացի այդ՝ ապահովագրական պատահարը, որի կապակցությամբ առաջանում է ապահովագրողի պարտավորությունը վճարելու ապահովագրական հատուցում, պետք է տեղի ունենա ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո պայմանագրի ժամկետում եւ չլինի պլանավորված: Տվյալ դեպքում վիրահատությունը, որի կապակցությամբ քաղաքացին ցանկանում է կնքել պայմանագիր, ենթակա չէ հատուցման, քանի որ այն պլանավորված է, ինչպես նաեւ իրականացվում է արդեն իսկ մինչեւ պայմանագրի կնքումն առաջացած հիվանդության կապակցությամբ:
Նշեմ, որ ներկայումս միակ ծրագիրը, որը ներառում է պլանային բուժօգնության ծառայությունը, տրամադրվում է պետական ծառայողներին՝ համաձայն կառավարության 1923-Ն որոշման: Մնացած բոլոր ծրագրերի պարագայում պլանային բուժօգնությունը չի դիտարկվում որպես ապահովագրական պատահար:
ապահովագրական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե քաղաքացին հույսը դնում է ապահովագրական ընկերությունների ֆինանսական աջակցության վրա, ապա նրան ոչինչ չի մնում անել, քան ինքնուրույն հոգալ իր բուժման ծախսերը: