Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեծապես կախված է Հայաստանի մտավորականության ներկայացուցիչներից: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
«Ցավալի են վերջին իրադարձությունները: Սակայն որքան էլ դժվար լինի, որքան էլ ցավալի չանցնի երկու երկրների միջև կարգավորումը, այն մեծապես կախված է մտավորականությունից: Բոլոր պատերազմներն ավարտվում են խաղաղությամբ: Ցանկալի չէր լինի, որպեսզի Հարավային Կովկասում նման իրավիճակը տևեր տասնամյակներ և հարյուրամյակներ: Ոչ մի գաղափար հայ և ադրբեջանցի երեխաների արյան մեկ կաթիլ չարժեն»,-ասել է Շվիդկոյը:
Գործակալությունը նշում է, որ Շվիդկոյը գտնվում է Հայաստանում, որպեսզի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ քննարկի ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի շրջանակներում ծրագրերը: