Հուլիսի 5-ին «Գրադարան» նախաձեռնության անդամներն ահազանգեցին, որ պետական, հասարակական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի` Երեւանի Արամի 9 հասցեում գտնվող ճարտարապետական եւ պատմական մեծ նշանակություն ունեցող տունը քանդում են՝ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար: Նախաձեռնության անդամներ Ռադիկ Կարապետյանը եւ Արմինե Քթոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ շենքի պահպանված հատվածը տեղում պահելու եւ չքանդելու հարցով բաց նամակով մեկ շաբաթ առաջ դիմել են ՀՀ նախագահին, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարներին՝ չնայած դրական պատասխանի ակնկալիք չունեն։
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանի տունը ներառված է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում: 1990-ական թթ. վթարային համարվող տունը ներառված է «Հին Երեւան» ծրագրում: Շենքի տանիքը, հատակն ու միջհարկային ծածկն արդեն քանդված են, մնացել է ճակատը։
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ նախ զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի հետ. «Այն հատվածում, որտեղ Արամ Մանուկյանի տունն է եւ մնացած շենքերը, իմ իմանալով ճարտարապետը չի նախատեսում ավտոկայանատեղի կառուցել: Կարող է, այդ մարդիկ տեսել են, որ տվյալ տարածքում աշխատանքներ են տարվում, մտածել են, որ ավտոկայանատեղին պետք է այդտեղ լինի, բայց դա ենթադրություն է, պաշտոնապես ոչ մի բան չկա»,-ասաց նա:
Մենք զրուցեցինք նաեւ «Հին Երեւան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լեւոն Վարդանյանի հետ:
-Պարո՛ն Վարդանյան, «Գրադարան» նախաձեռնության անդամների ահազանգի մասին ի՞նչ կասեք. հանրության մի ստվար զանգված անհանգստացած է:
-Հիմա որ մեկը ասի՝ Օպերան քանդվում է, պիտի հավատա՞ք, հետո՞: Արամի 9-ը մտնում է «Հին Երեւան»-ի կառուցապատման ընդհանուր ծրագրի մեջ: Որտեղի՞ց են նման լուրեր տարածվում, որտեղի՞ց են լսել, որ բաց նամակներ են հղել նախագահին, քաղաքապետին: Արամի 9-ը այն հազվագյուտ հուշարձաններից է, որն իր տեղում պահպանված է, ո՞նց կարող է քանդվել: Դրանք աբսուրդ խոսակցություններ են: Արամի 9-ը պետք է տեղում պահվի:
-Բայց որպես մասնագետ, չե՞ք փաստի, որ այն անմխիթար վիճակում է:
-Այնտեղ մի հատ պատ է մնացել կանգուն, որն ուզածդ րոպեին կարող է փլուզվել: Բայց ես ի՞նչ կարող եմ անել: Դա բոլորը գիտեն…
-ՀՀ Կառավարության որոշմամբ` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Գլխավոր պողոտայի հատվածը (ներառյալ Արամի փողոցի N 9 շենքի տարածքը) ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ: Կառավարության մեկ այլ որոշմամբ` Արամի փողոցի N 9 շենքի տարածքը «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ից տրվել է «Օլդ Սիթի» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է ապահովել «Հին Երեւան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: Հիմա «Օլդ Սիթի» ընկերությանը մեղադրում են տարածքը բիզնես նպատակներով օգտագործելու համար:
-«Օլդ Սիթի»-ն աչքիս լույսը չի, բայց ով նման բան է ասում, ղալաթ է անում, այդ մարդիկ հիմք ունե՞ն էդպիսի բան ասելու: Սրճարաններում նստած՝ որոշում են` էդ շենքն ինչ է լինելու:
-Հիմա Դուք բացառո՞ւմ եք, որ մի օր հնարավոր է` իսկապես տարածքը բիզնես նպատակներով օգտագործվի, ավտոկայանատեղի կառուցվի, ախր հանրությունը մեկ անգամ չէ, որ ականատես է եղել նման դեպքերի:
-Աբսուրդ բան եք ասում: Ի՞նչ կապ ունի ավտոկայանատեղին հուշարձանի հետ: Անգամ չեմ կարող պատասխանել…
Հիշեցնենք, որ դեռեւս 2014-ին «Զորավար» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Տիգրան Պետրոսյանցը հիմնադրամի անունից նամակ էր հղել Երեւանի քաղաքապետին՝ Արամի 9 հասցեում գտնվող շենքի ճակատագիրը լուծելու համար, «Տասը տարվա ընթացքում գնորդ կողմը չի կատարել իր պարտավորությունները, եւ ելնելով սրանից՝ քաղաքապերատանը կարող է վերադարձնել շենքը իր հաշվեկշիռ, որպեսզի հնարավորություն ստեղծվի հիմնադրել Արամ Մանուկյանի տուն¬թանգարան: Հակառակ դեպքում այն կմտնի «Հին Երեւան» համալիրի մեջ, որը սեփականատերը, ամենայն հավանականությամբ, կօգտագործի որպես բիզնես տարածք եւ ոչ թե թանգարան», – լրագրողների հետ զրույցում ասել էր նա:
«Ժողովուրդ»-ը կշարունակի հետեւել Արամ Մանուկյանի տան ճակատագրին:
Աննա Բաբաջանյան