Ի՞նչ խորհուրդներ է տալու սպորտի նախարարին երկրից արտագաղթել ցանկացող ռեժիսորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս օրեր առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել ռեժիսոր Արտյոմ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա տեղեկացրել էր, որ մեկ րոպե ավել չի ցանկանում մնալ Հայաստանում: Այսօր նրա անձի հետ կապված աղմուկ հանեց մեկ այլ իրադարձություն. նա նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական:

ArmLur.am-ի հետ զրույցում Արտյոմ Հակոբյանը նախ զարմանք արտահայտեց, որ իր գրառումն այդքան աղմուկ է բարձրացրել, քանի որ նախկինում էլ որպես ՀՀ քաղաքացի, մշտապես բարձրաձայնել է իրեն հուզող խնդիրների մասին: Անդրադառնալով աշխատանքին նա նշեց. «Այս աշխատանքը շարունակությունն է իմ համագործակցության երկու կառույցի հետ` օլիմպիական կոմիտեի և սպորտի նախարարության: Ես տարիներ շարունակ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպել իրենց հրավերով, հիմա շարունակում եմ  համագործակցությունս, պարզապես արդեն ֆիքսված աշխատանքով»:

Արտյոմի խոսքով` գրառումն անելու օրերին աշխատանքի հարցը դեռ քննարկվում էր, իսկ գրառումը կապ չունի այդ ամենի հետ:  «Ես` որպես ՀՀ քաղաքացի, տարիներ շարունակ, երբ ունեցել եմ դժգոհություններ կամ կարծիք, միշտ էլ արտահայտել եմ: Իհարկե կան այդ խնդիրները, որովհետև այնպես չի, որ ամեն ինչ շատ լավ է: Միշտ էլ այդ խնդիրները կան և դրանց մասին խոսվում է և բարձրաձայնվում, սա իմ  առաջին այդպիսի գրառումը չէ», – հավելեց նա:

Հարցին` ինչ խորհուրդներ եք տալու նախարարին, Հակոբյանը նախ կոչ արեց դա բառացի չհասկանալ, ապա հայտարարեց, որ կկատարի իրեն տրված հանձնարարականները:




Լրահոս