Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նուբարաշեն վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է վարչական շրջանի շուրջ 2 հա զբաղեցնող կենտրոնական այգու վերակառուցման աշխատանքների ընթացքին:

Նուբարաշենի բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելու նպատակով վերակառուցվող այգում կտեղադրվեն զրուցատաղավարներ, նստարաններ, շատրվանային փոքրիկ համալիր: Հանգստի գոտին ամբողջությամբ ապահովված կլինի նաև գիշերային լուսավորությամբ:
Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այգու բարեկարգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում և հանգստյան գոտին ամբողջությամբ կհանձնվի բնակիչների տնօրինմանը: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ ընդգծելով, որ հանգստի գոտու ստեղծումն իրապես առաջնահերթ խնդիր էր՝ նկատելով, որ տասնամյակներ շարունակ վարչական շրջանը զրկված է եղել լիարժեք հանգստի գոտի ունենալու հնարավորությունից:

Զրուցելով բնակիչների հետ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի համաչափ զարգացման համատեքստում հետևողական ուշադրություն է դարձվում մայրաքաղաքի ծայրամասային համարվող վարչական շրջաններին, որտեղ բոլոր ոլորտներում այսօր ծավալուն աշխատանքներ են իրականացվում:

«Վերջին երեք տարիների ընթաքում Նուբարաշեն վարչական շրջանում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում բոլոր ոլորտներում: Տասնամյակների կուտակված խնդիրներին հետզհետե լուծումներ տալու նպատակով մենք, ըստ առաջնահերթության, ծրագրեր մշակեցինք, որոնք հիմնված էին նաև բնակիչների առաջարկությունների ու դիտարկումների վրա: Արդյունքում աշխատանքներ իրականացվեցին վարչական շրջանի մշակույթի տան, երաժշտական դպրոցի, մանկապարտեզի, գրադարանի հիմնանորոգման ուղղությամբ: Կառուցվեց շախմատի նոր դպրոց, տարեցտարի բարեկարգվում են բակային տարածքները, իրականացվում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Նուբարաշենի բնակիչների համար սպասված ծրագիր էր նաև կենտրոնական այգու վերակառուցումը, որը հանգստի յուրօրինակ կենտրոն կդառնա նուբարաշենցիների համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Նուբարաշենի 11 փողոցի 8 և 9 շենքերի բակային տարածքների բարեկարգման աշխատանքների ընթացքին: Շնորհակալություն հայտնելով բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում դրսևորած մշտական հետևողականության համար՝ նուբարաշենցիներն առանձնակի կարևորել են մայրաքաղաքի ծայրամասային համարվող վարչական շրջաններում իրականացվող ծրագրերը:

Ընթացիկ տարում ամբողջությամբ կլուծվի նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար կապող շուրջ 4 կմ երկարությամբ Նուբարաշենի խճուղու արտաքին լուսավորության խնդիրը, որը երբևէ ապահովված չի եղել արտաքին լուսավորության համակարգով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս