Արցախի փողոցում տղամարդը կնոջ հետ խոշտանգել է մորն ու տատին, թքել նրանց երեսին և նվաստացրել արժանապատվությունը. ինչն էր ընտանեկան ողբերգության պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարի անց ազատության մեջ կլինի մորը և տատին խոշտանգելու համար ազատազրկման դատապարտված 33-ամյա Գուրգենը: Հիշեցնենք՝ նրա հետ ամբաստանյալի աթոռին էր հայտնվել նաև կինը՝ Սյուզաննան, ով սակայն դատարանի վճռով պայմանական ազատ էր արձակվել: Նրա նկատմամբ հարկադրական բուժում էր նշանակվել, ինչը պաշտպանը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան:

Այստեղ որոշում էր կայացվել վճիռն անփոփոխ թողնելու մասին:

Իսկ ինչպես էր դեպքը տեղի ունեցել:

Այս ընտանիքում բռնությունները վերաճել էին խոշտանգումների, որոնց հետևանքով զառամյալ տատին ու մորը պատճառվել են ոչ միայն ֆիզիկական ցավ, այլև անհաղթահարելի հոգեկան տառապանքներ :

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ որդին՝ Գուրգենը և հարսը՝ Սյուզաննան, 2009 թվականից մինչև 2011 թ. դեկտեմբեր ամիսը վարձակալական հիմունքներով Երևի տարբեր թաղամասերում բնակվելուց հետո որոշել են բնակություն հաստատել Գուրգենի հայրական տանը, ապա տեղափոխվել հայրական տուն, մասնավորապես՝ մոր՝ գործով տուժող Թագուհի Գրիգորյանի` Երևանի Արցախի փողոցում գտնվող բնակարան: Այնտեղ վերջինս բնակվում էր զառամյալ մոր` գործով մյուս տուժող Նազիկ Կարապետյանի հետ:

Մղձավանջը սկսվել է այն ժամանակ, երբ համատեղ բնակության ընթացքում Գուրգենը և Սյուզաննան կենցաղային հարցերի հետ կապված պարբերաբար վիճաբանել էին մոր հետ՝ նրան պատճառելով ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ, նվաստացրել և ստորացրել նրանց պատիվն ու արժանապատվությունը, արգելել էին մտնել բնակարան, օգտվել բնակարանի տարրական կոմունալ հարմարություններից` էլակտրաէներգիայից, լոգարանից, հեռուստացույցից և կենցաղային այլ անհրաժեշտ պայմաններից:

«Սիրող» որդու և «սիրող և լսող» հարսի այս պահվածքը տևել է ավելի քան 4 ամիս: այս պահվածքը տևել է 2012 թ. փետրվարի 1-ից մինչև հունիսի 11-ը, իսկ նը՝ 2012թ. փետրվարի 10-ից մինչև մայիսի 26-ը:

Այսպես, համատեղ բնակության ընթացքում, բնակարանի կոմունալ ծախսերը հոգալու և այլ կենցաղային հարցերի շուրջ Գուրգենը սկսել էր վիճաբանել մոր հետ և նրանց միջև ձևավորվել են լարված փոխհարաբերություններ: 2012 թվականի փետրվարի 1-ին` ժամը 18:00-ի սահմաններում, հերթական վիճաբանության ժամանակ որդին խուլիգանական բնույթի հայհոյանքներ է տվել մոր հասցեին, ձեռքերով հարվածել նրա դեմքին, ձեռքերին և մարմնի այլ հատվածներին:

Ապա Թ.Գրիգորյանը ներկայացել էր ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին և հայտնել որդու կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին: 2012 թվականի փետրվարի 7-ին տեղեկանալով այդ մասին՝ Գրիգորյանը բռունցքով հարվածել էր մոր քթին, ապտակել, թքել երեսին։

Վիճաբանությունը շարունակվել էր նաեւ հաջորդ օրը, սակայն այս անգամ հերթական քաշքշոցին փորձել էր միջամտել տատը՝ 82-ամյա Նազիկ Կարապետյանը, ում դեմքին եւս Գուրգենը ձեռքով հարվածել, ապա հրել-գցել էր հատակին:

Գրեթե ամեն օր ամբաստանյալներ Գուրգենը և Սյուզաննան վիճաբանել էին մոր հետ, իսկ թոռը՝ Գուրգենը, նաեւ տատի՝ Նազիկ Կարապետյանի հետ: Մայրը բռնության էր ենթարկվել անգամ շտապօգնություն զանգահարելու համար։

Հերթական դեպքից հետո Թ.Գրիգորյանը ստիպված հեռացել էր տանից` բնակարանում միայնակ թողնելով զառամյալ մորը` գործով տուժող Նազիկ Կարապետյանին, ով այդ օրը միայնակ էր ստիպված եղել դիմակայել բռնություններին։ Ժամը 18:00-ի սահմաններում Գուրգենը մի քանի անգամ դիտավորությամբ բռունցքով հարվածել էր վերջինիս ուսերին և գլխին, նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Ստացված վնասվածքներից Ն.Կարապետյանի առողջական վիճակը սկսել Էր վատթարանալ, և Թ.Գրիգորյանը նրան` մորը, տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս 17 օր գտնվել է ստացիոնար բուժման մեջ:

Մոր նկատմամբ բռնության հերթական դրսևորումը տեղի էր ունեցել 2012 թվականի մայիսի 17-ին ժամը 14:00-ի սահմաններում, բայց այս անգամ հարսի մասնակցությամբ։ Սյուզաննան տան հետ կապված հարցերով կրկին վիճաբանել էր տուժող Թ.Գրիգորյանի հետ, քաշքշել վերջինիս հագուստից, պատռել այն, երկու ձեռքով բռնելով թափահարել էր վերջինիս մարմինը, ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և բռունցքով հարվածել ձախ այտին` տուժող Թ.Գրիգորյանի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Հուսահատված մայրը դիմել էր ոստիկանություն՝ որդուն ու հարսին բնակարանից վտարելու համար, ինչը դարձել է հերթական վիճաբանության պատճառը։ Փորձելով չներքաշվել վիճաբանությանը՝ մայրը վախից պառկել էր անկողնում, սակայն որդին այնտեղ էլ հանգիստ չէր թողել նրան եւ ոտքով հարվածել էր անկողնում պառկած մոր կրծքավանդակին, մեջքին, այնուհետև կողերին, երիկամների շրջանին և թքել վրան: Ապա կնոջ հետ միասին նրան անկողնուց քաշել գցել էին հատակին, ապա քարշ տալով տարել հյուրասենյակ և շարունակել ոտքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին։

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Վ.Գրիգորյանի նախագահությամբ, Գուրգենին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2 մասի 1-ին, 3-րդ, 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող երկու կամ ավելի անձանց նկատմամբ խոշտանգում, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1–ին մասով՝ Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, և դատապարտել 5 տարվա ազատազրկման:

Իսկ Սյուզաննան մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2 մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգում, և ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել 3 տարի 2 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման՝ երկու տարվա փորձաշրջանով:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Հ.Տեր-Ադամյանի նախագահությամբ, մերժել էր հարսի պաշտպանի վերաքննիչ բողոքը. առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել էր օրինական ուժի մեջ:

Գուրգեն Գրիգորյանը դատավճիռը չէր բողոքարկել:




Լրահոս