Մենք պետք է պայքարենք չարաշահումների դեմ և ոչ թե դրական պրոցեսը վերացնենք. Բաբկեն Պիպոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ի հետ զրույցում Բաբկեն Պիպոյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ  2017-2019 միջնաժամկետ ծրագրում ժամանակավորապես կասեցվելու է սոցիալական փաթեթի «հանգստի» բաղադրիչը:

Նա նշեց, որ եթե սա արվել է չարաշահումների դեմ, ապա վատագույն որոշումն էր. «Մենք պետք է պայքարենք չարաշահումների դեմ և ոչ թե դրական պրոցեսը վերացնենք, դա մոտավորապես նման է այն բանի, որ ֆերմերն ունենա ջերմոցային տնտեսություն և այնտեղ լինեն բուժելի հիվանդություններ, բայց հիվանդության դեմ պայքարելու փոխարեն ամբողջ տնտեսությունն այրի»:

Պիպոյանը նաև նշեց, որ պետք չէ մոռանալ, թե ինչ հիմնավորումներով էին ընդունվել այս սոցփաթեթները. «Կային այսպիսի հիմնավորումներ, որ պետական աշխատողները հնարավորություն կունենան հանգստանալու և կբարձրացվի նրանց աշխատունակությունը, կնպաստեր նաև հյուրանցային բիզնեսի բարձրացմանը ՀՀ-ում, ինչը իր հերթին կնպաստեր զբոսաշրջության զարգացմանը: Այսինքն այս ամենը մենք մեկ հարվածով հօդս ենք ցնդեցնում, փոխանակ պայքարենք չարաշահումների դեմ»:

Պիպոյանը լավատեսական տրամադրվածությամբ նշեց, որ չարաշահումների դեմ պայքարելն իսկապես հնարավոր է. «Այլ խնդիր է, եթե իրականում այդ պրոցեսն իրականացվում է ոչ թե չարաշահումների հիմքով, այլ բացառապես այլ` պետական բյուջեի խնայողության խնդրով, բայց սրա մասին չենք բարձրաձայնում, սա արդեն այլ հարթության մեջ ենք դիտարկում»:

Բայց նա նաև հավելեց, որ այս ամենը եզրակացության ժանրից է, իսկ հարցը գլխավոր մնում է այն, որ չարաշահումների ենթատեքստում կասեցվում է սոցիալական փաթեթի «հանգստի» բաղադրիչը:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս