ՀՀ գլխավոր դատախազությունը երկրում առկա քրեական իրավիճակը կարգավորել, ավարտել է, հիմա էլ պատերազմ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայողներին»: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ նախօրեին Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի հրահանգով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի զոն նայողներից մեկին տեղափոխել են պատժախուց:
Այս փաստը ՔԿՀ-ում լուրջ աղմուկի պատճառ է դարձել, ու չի բացառվում, որ առաջիկայում հերթական բախումը հասունանա ՔԿՀ-ում: Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին օրերին քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը հարմարավետ պայմաններ է ստեղծել կալանավորվածներից մեկի համար:
Խոսքը հունիսի 4-ին ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին ծեծելով սպանելու գործով կալանավորվածներից մեկի մասին է, որին արտոնյալի «գահից» իջեցրել են: Թե ինչով կավարտվի դատախազության այս հանդգնությունը, դեռ դժվար է ասել, բայց որ իրավապահ համակարգում արդարության լուրջ ճգնաժամ կա, դա փաստ է: Ու Գեւորգ Կոստանյանն իրականում այս մասին պետք է մտահոգվի:
«Ժողովուրդ»-ին կալանավայրից տեղեկացրին, որ պատժախուց տեղափոխվածը ՔԿՀ հիմնական «զոն նայող» լոռեցի Դավիթ Անանյանն է, որը ազատազրկման է դատապարտվել 20 տարի ժամկետով: Ըստ պաշտոնական մեղադրանքի՝ նա իր եղբայրներ Ռուսլան եւ Գեւորգ Անանյանների հետ բենզին եւ դիզելային վառելանյութեր գողանալու նպատակով ստեղծել է կազմակերպված խումբ, ՀՀ տարբեր մարզերում գործող բենզալցակայաններից գողացել են բենզին եւ դիզելային վառելանյութ, ինչպես նաեւ վնասել ուրիշի գույքը, պահել, կրել ապօրինի հրազեն եւ փամփուշտներ: Նա դատապարտվել է ինչպես սպանության փորձի, այնպես էլ սպանության համար եւ հիմա դատախազության որոշմամբ կալանավայրի պատժախցում է: