Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում որպես տնօրեն հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան: Նրա ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել: Տիկին Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով հասարակությանը պատշաճ կերպով իրազեկել հետևյալի մասին.
1. Վերջին անգամ ո՞ւմ կողմից, ե՞րբ և ի՞նչ նպատակով են իրականացվել ստուգումներն այդ դպրոցում,
2. ի՞նչ խախտումներ են արձանագրվել դպրոցում,
3. ստուգման արդյունքները որտե՞ղ են քննարկվել և վերլուծվել,
4. ո՞ւմ կողմից է ստորագրվել ստուգման ակտը,
5. տնօրենը ստորագրե՞լ է ակտը,
6. վերջապես ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել տնօրենն աշխատանքիցե:
Տիկին Բախշյանը խնդրել է նաև տրամադրել Երևանի թ. 66 դպրոցի տնօրենի ազատման հրամանը: