Հուլիսի 4-6-ը Ստորին Ավստրիայի կառավարության հովանու ներքո Ամշթետեն քաղաքում անցկացվեց «Անորոշ ուղիներ. փախուստ, վտարում և ցեղասպանություն Առաջին աշխարհամարտի օրերին» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էր ավստրիական Գրաց քաղաքի՝ Պատերազմների հետևանքների վերացման Բոլցմանի ինստիտուտն ավստրիական Սենթ-Փոլթեն քաղաքի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնի հետ համատեղ։ Միջոցառմանը մասնակցում էին Ստորին Ավստրիայի կառավարության ներկայացուցիչներ, դաշնային ու տեղական խորհրդարանների անդամներ, Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, ավստրիական քաղաքական, գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ։
Գիտաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը անդրադարձավ 20-րդ դարում իրականացված բազմաթիվ ցեղասպանություններին և մարդկության դեմ իրագործված ոճրագործություններին՝ առանձնահատուկ շեշտելով նաև մեր օրերին ազգային ու կրոնական պատկանելիության հողի վրա իրականացվող հանցագործությունները։ Դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց նաև Ավստրիայի և Գերմանիայի խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ընդգծելով Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցների իրավահաջորդների հանդիսացող այդ երկրների կողմից սեփական պատմությանն առերեսումը կարևորելը:
Քննարկումներին որպես բանախոս հանդես եկավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ «Հայոց ցեղասպանությունը եվրոպական հիշողության մեջ» զեկույցով, որի հիմքում ընկած էին հայերի՝ երիտթուրքերի կառավարության կողմից ծրագրված և իրագործված զանգվածային ջարդերի վերաբերյալ եվրոպացի հումանիստների հուշերը, որոնցից են Ֆրիտյոֆ Նանսենը, Քարին Էփփեն, Յոհաննես Լեփսիուսը: Հայկ Դեմոյանը նաև անդրադարձ կատարեց եվրոպական կառավարությունների, մարդասիրական կազմակերպությունների, անհատների կողմից հայերին բնաջնջումից փրկելուն ուղղված ջանքերին և փրկվածներին ցուցաբերած օգնությանը։
Որպես բանախոսներ հանդես եկան նաև Ավստրիայի, եվրոպական և այլ երկրների գիտահետազոտական կենտրոնների գիտաշխատողներ, ովքեր քննարկեցին Օսմանյան Թուրքիայում բնաջնջված մյուս ազգերի՝ ասորիների, հույների, կրոնական փոքրամասնությունների ճակատագիրը: