ՀՀ ֆինանսների նախարարությունն ընթացիկ ամսում պատրաստվում է թողարկել 13 միլիարդ դրամի պարտատոմս, որից հետո Հայաստանի պետական պարտքը կավելանա նշված չափով կամ դրան համարժեք 27 մլն դոլարի չափով:
Պետական պարտատոմսերը ազատ դրամական միջոց ունեցող անձանց համար հաստատուն շահույթ ապահովող առավել քան հարմարավետ ֆինանսական գործիք են: Սակայն պետական պարտատոմսերի շուկան շարունակում է հանրության լայն շերտերին չհետաքրքրել: Պաշտոնական տեղեկատուներում պետական պարտատոմսերի մասին նշվում է, որ դրանք խնայողությունները պահելու ամենահուսալի եւ ապահով միջոցներն են: Իսկ ամենակարեւորն այն է, որ պետական պարտատոմս գնելու եւ դրա տոկոսավճարները ստանալու միջոցով ստացված եկամուտը չի հարկվում:
Ըստ որոշ գնահատականների` պետական պարտատոմսերը պետական բազմաթիվ պաշտոնյաների համար դարձել են պետբյուջեից գրպանած գումարները «ներդնելու» արդյունավետ միջոց: Այլ կերպ ասած` պետբյուջեից գումարները գողանում են, այնուհետեւ դրանք պետությանը «պարտքով» տալիս:
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն` այս տարվա հունիսի 27-ի դրությամբ նախորդ ժամանակաշրջանում թողարկված եւ ներկայումս շրջանառության մեջ առկա է 374 միլիարդ 116 մլն 803 հազար դրամի պետական պարտատոմս: Նշված պետական պարտատոմսերից 176 միլիարդ 733 միլիոն դրամը երկարաժամկետ եւ միջին ժամկետայնության արժեկտրոնային ուղենշային պարտատոմսեր են: Նշված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը 14,5 տոկոս է: Այս խմբի մեջ մտնող պարտատոմսերից 19 միլիարդ 488 մլն դրամը, որը թողարկվել է անցած տարվա հոկտեմբերին 29-ին, տասը տարի ժամկետով, ունի 16,16 տոկոս միջին կշռված եկամտաբերություն: Հայաստանում հնարավոր չէ գտնել որեւէ բանկ, որը նման բարձր տոկոսով ավանդներ կընդունի:
Ներկա դրությամբ շրջանառության մեջ գտնվող երկարաժամկետ եւ միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 168 միլիարդ 883 միլիոն 803 հազար դրամ, որոնց ընդհանուր միջին կշռված եկամտաբերությունը կազմում 14,36 տոկոս: Ի դեպ, այս տարվա ապրիլի 29-ին թողարկած 19 միլիարդ դրամ ծավալով, 20 տարի ժամկետով պետական պարտատոմսերի կշռված եկամտաբերությունը նույնպես ռեկորդային բարձր է եւ կազմում է 16,46 տոկոս:
Վերը բերվածից բացի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը թողարկում է նաեւ կարճաժամկետ պարտատոմսեր, որոնց մարման ժամկետները լինում են 13, 26, 39 եւ 52 շաբաթ, կամ այլ կերպ ասած՝ երեք, վեց կամ ինն ամսով եւ մեկ տարով: Ահա, այդ կարճաժամկետ պետական պարտատոմսերից ներկայումս շրջանառության մեջ առկա է 28 միլիարդ 500 մլն դրամ:
Ի դեպ, ընդհանուր 2016 թվականի համար նախատեսված է, որ թողարկվելու է ավելի քան 80 միլիարդ դրամի պարտատոմս, որից 42 միլիարդ դրամն ուղղվելու է պետական բյուջեի դեֆիցիտի ծախսերը հոգալուն: Իսկ 38 միլիարդ 195 միլիոն դրամն էլ հատկացվելու է նախորդ տարիներին եւ այս տարի թողարկված պարտատոմսերի սպասարկմանը, կամ այլ կերպ ասած՝ պետական պարտատոմսեր գնած անձանց եւ ընկերությունների եկամտային տոկոսների վճարմանը: Հարկ է նշել, որ այս տարվա մայիսի 31-ի դրությամբ պետական պարտատոմսերի թողարկման հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն արդեն իսկ կազմել է 29 միլիարդ 65 մլն դրամ: Այսինքն՝ պարտատոմսերի թողարկման ճանապարհով դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսված գումարի 70 տոկոսն արդեն իսկ ծախսվել է: Հիշեցնենք, որ այս տարվա պետական բյուջեի պակասուրդը, կամ նույնն է, թե դեֆիցիտը նախատեսված է մոտ 191 միլիարդ դրամ: Այսինքն՝ ամենեւին էլ բացառված չէ, որ եթե ՀՀ կառավարությունը համոզվի, որ չի կարողանում այլ աղբյուրներից ֆինանսավորել պակասուրդը, ապա կորոշեն նախատեսվածից էլ ավել` լրացուցիչ պարտատոմսեր եւս թողարկել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ