Երեկ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է 2017-2019 թվականներին միջնաժամկետ ծրագրում ժամանակավորապես կասեցնել սոցիալական փաթեթի «հանգստի» բաղադրիչը, քանի որ այդ մասով չարաշահումներ են տեղի ունենում:
Սա նշանակում է, որ քաղծառայողները այլեւս չեն կարողանա իրենց ընտանիքների համար 72 հազար դրամին համարժեք երկօրյա կամ եռօրյա հանգիստ կազմակերպել: Խոսքը շուրջ 250 հազար մարդու մասին է: Հայտարարվեց, թե իբր այդ կերպ փորձում են ինչ-որ չարաշահումների դեմ պայքարել, բայց այդպես էլ չպարզաբանեցին, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Իրականում, սոցփաթեթով հանգստանալը, այդ համակարգի հիմնական օգտագործվող կոմպոնենտն է:
Այսինքն, ՀՀ կառավարությունն այս կերպ ընդամենը ցանկանում է քաղծառայողներին այդ հնարավորությունից զրկելով գումար «խնայել»: Բայց ավելի ազնիվ կլիներ, եթե հայտարարվեր, որ պետբյուջեի գումարները վերջանում են եւ դրա համար են կրճատում: Բայց այդ դեպքում բոլորը կարող են մատնացույց անել իշխանությունների ղեկավար կազմի ցոփ ծախսերը, որոնք երբեք չեն կրճատվում:
Նշենք, որ սոցիալական փաթեթի ներդրումը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք ներդրված եզակի մեկ-երկու դրական ծրագրերից մեկն էր, որը, փաստորեն, դադարեց գործել:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության» ատենապետ Նարեկ Գալստյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք կառավարության կողմից ճիշտ էր նման որոշման կայացումը: Նշենք, որ Գալստյանը համարվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին թիմակիցը եւ նրա գործունեությունը ողջունող քաղաքական գործիչներից մեկը:
«Մենք՝ որպես պետություն, գնալով հրաժարվում ենք սոցիալական կոմպոմենտից, այսինքն՝ Սահմանադրության այն դրույթը, որ Հայաստանը նաեւ սոցիալական պետություն է, որեւիցե կերպ չի իրականացվում: Սոցիալական հանգստանալու փաթեթները պետական ապարատի տասնյակ հազարավոր ազնիվ աշխատողների համար հնարավորություն էր տարին մեկ անգամ մի քանի օրով հանգստանալու, ընդ որում, ոչ լյուքս հանգստավայրերում: Սա հնարավորություն էր, որպեսզի մարդիկ օգտվեն այն սոցիալական իրավունքից, որ իրենց տրվում է Սահմանադրությամբ: Հիմա եթե այսօրվա կառավարությունը պատճառ է բերում, որ այնտեղ կան կոռուպցիոն ռիսկեր, ապա իմ կարծիքով այդ պատճառաբանության հետեւանքով Հայաստանի հազարավոր քաղաքացիներ զրկվեցին տարին մեկ անգամ մի քանի օրով հանգստանալու իրավունքից»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Գալստյանը:
Նրա խոսքով՝ մեր երկրում կան այնպիսի կոռուպցիոն սիստեմաներ, որոնց հետ սոցիալական փաթեթները համեմատելիս մարդու ծիծաղ գալիս է: «Կարծում եմ, որ եթե կարիք կար կրճատելու պետական բյուջեի ծախսերը, ապա թիրախները շատ-շատ ուրիշ տեղերում կարելի է գտնել եւ չփոշիացնել այլ տեղերում միլիոններ, միլիարդներ: Ի գիտություն այս որոշումն ընդունողների՝ մարդիկ կան, որ այս երկրում ապրում են ընդամենը աշխատավարձով եւ ընդամենը աշխատավարձով ապրող, կողմնակի եկամուտ չունեցող մարդիկ իրենց շատ դեպքերում չեն կարող թույլ տալ գնալ հանգստանալու, բայց դա էլ կտրվեց»,- եզրափակեց Գալստյանը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ