Երեկ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում, ինչպես եւ սպասվում էր «հաղթեց» այդ երկրի գործող նախագահ Իլհամ Ալիեւը: Առայժմ, իհարկե վերջնական արդյունքները ներկայացված չեն, սակայն դատելով «էքզիթ-փոլի» արդյունքներից եւ ընտրական հանձնաժողովներից ստացված նախնական տեղեկություններից, տասը տարի անընդմեջ Ադրբեջանի նախագահի աթոռը զբաղեցրած Իլհամ Ալիեւը այս անգամ էլ է «ընտրվել» ձայների «ջախջախիչ» առավելությամբ: Ըստ ամենայնի` Ադրբեջանի ԿԸՀ-ի կողմից կներկայացվի 85 տոկոսից ոչ պակաս ցուցանիշ, քանի որ 2008 թվականին Ալիեւը ստացել էր ազերիների քվեների 89 տոկոսը: Հետեւաբար` ձայների նվազումը լավագույն դեպքում կարող է լինել մեկ-երկու տոկոսով: Չնայած որ Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները եւս հեռու էին թափանցիկ եւ արդար լինելուց, այդուհանդերձ, չենք կարող չարձանագրել, որ հարեւան երկրի եւ Հայաստանի միջեւ տարբերությունները ակնառու են: Հենց թեկուզ` ընտրախախտումների տեխնոլոգիաների առումով: Սկսած 2012թ. խորհրդարանական ընտրություններից` Հայաստանում ներդրվեց «թավշյա» ընտրակեղծարարությունը, որի բանաձեւը ժամանակին հստակ տվել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. այն է` պետք է ընտրություններն այնպես կազմակերպել, որ ընտրատեղամասերում ոչ մի խախտում չլինի: Իսկ թե ընտրատեղամասերից դուրս ինչպիսի «աշխատանք» էր տարվում` դա արդեն գիտեն բոլորը: Ադրբեջանում այս հարցում մնացել են նախորդ դարի տեխնոլոգիաների հույսին: Երեկ ադրբեջանական ընդդիմությունը ահազանգում էր բազմաթիվ ընտրատեղամասերում «կարուսելի» կիրառման մասին: «Ենի Ազերբայջանի» անդամները ոչ պակաս ակտիվ են եղել նաեւ լցոնումների հարցում: Ընդ որում, որոշ տեղերում այնպիսի ջանադրությամբ են քվեաթերթիկները լցրել, որ օրվա կեսին արկղերը պարզապես լցվել են, եւ մարդիկ չեն կարողացել քվեարկել: Ադրբեջանի իշխանությունները առանձնապես ձեւեր չեն թափել նաեւ ընտրական գործընթացների լուսաբանման հարցում: Ի տաբերություն ՀՀ ազատ եւ պատասխանատու հեռուստաընկերությունների, որոնք, հանուն արդարության, պետք է նշենք, նախա եւ հետընտրական փուլերում բավականին հավասարակշռված կերպով ներկայացնում էին բոլոր թեկնածուներին, սակայն միջազգային կառույցների մոնիտորինգի ավարտից անմիջապես հետո վերադարձան իրենց սովորական գործելաոճին, Ադրբեջանում գործել են «հին ու բարի» ավանդույթներով. ընդդիմության թեկնածուի մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: Քանի որ լավը չէին կարող ասել, չեն ասել ոչինչ: Երեկ ողջ օրվա ընթացքում ընտրակեղծիքների բազմաթիվ ահազանգերի մասին ադրբեջանական բոլոր հեռուստաընկերությունները միաձայն լռել են: Միով բանիվ` Ադրբեջանում դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն, որ հասնեն մեր ՀՀ իշխանությունների` ընտրական գործընթացները «բաց ու թափանցիկ» անցկացնելու «կարողություններին»: Խնդիրն այն է, սակայն, որ Բաքվում խավիար են ուտում եւ իմիտացիաներ անելու կարիքը չունեն:
ԽԱՎԻԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ